![]()
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զգալի փոփոխություններ է կատարում անապահովության գնահատման համակարգում։
Նպատակը պետության կողմից տրամադրվող աջակցությունն առավել թիրախային դարձնելն է։
Դեռ 2025 թվականին անապահովության գնահատման նորացված համակարգը որպես պիլոտային ծրագիր սկսեց գործարկվել հանրապետության 2 մարզում՝ Կոտայքում և Սյունիքում։ Այս ընթացքում վերհանվել են համակարգում առկա խնդիրները, բացերը, դրանց տրվել են լուծումներ, ու արդեն հուլիսի 1-ից նոր մոտեցումը կիրառվելու է հանրապետության բոլոր մարզերում։
Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում բավականին աշխատանքներ են կատարվել, որոնք ուղղված են եղել նոր համակարգի բարելավմանը։
«Վերանայվել են մի շարք գործոններ, որոնցով պայմանավորված որոշ ընտանիքներ դուրս են մնացել համակարգից։ Օրինակ, հիմնական գործոնը, որի համաձայն ընտանիքները դուրս էին մնում համակարգից, նախկինում ունեցած վարկային պարտավորություններ էին, կամ վարկի համար երաշխավոր լինելն էր։ Հիմա փոփոխություններ ենք կատարել. եթե կան անձինք, որոնք այս գործոնով պայմանավորված դուրս են մնացել, ապա այս նոր փոփոխությունից հետո կարող են կրկին դիմել համակարգում ընդգրկվելու համար»,-ասել է Լուսինե Քոչարյանը։
Մյուս փոփոխությունները վերաբերում են ուսանողներին, ծառայությունից կամ քրեակատարողական հիմնարկներից վերադարձածներին վերագրվող եկամուտներին, գազի սպառման չափաքանակին և այլն։
Նոր համակարգի ներդրմամբ՝ ներկայում Կոտայքի և Սյունիքի մարզերում 1280 ընտանիք անապահովության նպաստ է ստանում։ Համաձայն նոր չափորոշիչների՝ նպաստի միջին չափը 86 հազար դրամ է, առավելագույնը 280 հազար է։ Հին համակարգի պարագայում նպաստի միջին չափը եղել է 29 հազար դրամ։ Նպաստի չափը հաշվարկվում է՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, այդ թվում, ընտանիքում աշխատունակ, ոչ աշխատունակ ու անչափահաս անձանց թիվը։ Եթե անչափահասների թիվը մեծ է, ապա նպաստի չափը ևս մեծ է լինում։ Օրինակ, 6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը ստանում է 280 հազար դրամ նպաստ։
«Նոր համակարգը նրա մասին չէ, որ ընտանիքին տրվում է միայն նպաստ, այստեղ ընտանիքը դիտարկվում է ամբողջապես՝ իր բոլոր խնդիրներով։ Կատարվում է կարիքների գնահատում, իրականացվում են աշխատունակ անձանց հմտությունները կատարելագործելուն ուղղված ծրագրեր, օգնում ենք, որ աշխատանք գտնեն։ Եվ, եթե անձը աշխատանքի է տեղավորվում, ապա նպաստը մի անգամից չենք կտրում, որոշ ժամանակ է տրվում հարմարվելու համար»,- մանրամասնել է Քոչարյանը։
Այս նոր մոտեցումների, բանաձևերի ներդրմամբ, անապահովության համակարգում ընդգրկվածների թիվը նկատելի նվազել է։ Եթե նախկինում կային նաև այնպիսի ընտանիքներ, որոնք բավականին ապահովված էին, ունեին շարժական ու անշարժ գույք, ապա այժմ համակարգը, այդ տեսանկյունից մաքրվել է։
Հուլիսի 1-ից նոր համակարգը կներդրվի հանրապետության ամբողջ տարածքում, ինչը ենթադրվում է, որ մյուս մարզերում ևս նպաստ ստացող ընտանիքների թիվը կկրճատվի։ Լուսինե Քոչարյանը վստահեցրեց, որ ամբողջությամբ պատրաստ են նոր համակարգի ներդրմանը, բոլոր տեխնիկական հարցերը կարգավորված են, թվային անհրաժեշտ լուծումները տրված են։
![]()