![]()
Թրամփի վարչակազմն ուրբաթ օրը հայտարարել է, որ կկատարի դատարանի որոշումը՝ վերսկսելու քաղաքական ապաստանի և ներգաղթային այլ դիմումների մշակումը, որոնք ներկայացվել էին մարդկանց մի մեծ խմբի կողմից, ովքեր ամիսներ շարունակ հայտնվել էին իրավական անորոշության մեջ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Այս քայլը հաջորդում է անցյալ շաբաթ Ռոդ Այլենդի դաշնային դատավորի կողմից ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության (USCIS) սահմանած մի շարք կարգավորումների անվավեր ճանաչմանը, ինչը մեծ հարված էր օրինական ներգաղթը սահմանափակելու ուղղությամբ վարչակազմի ընդլայնվող ջանքերին։ Այդ քաղաքականությունը ներառում էր գերատեսչություն ներկայացված ապաստանի դիմումների համաշխարհային կասեցում և 39 երկրների (հիմնականում Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում) քաղաքացիների ներգաղթային դիմումների սառեցում, որոնց նկատմամբ տարածվում է նախագահ Թրամփի սահմանած ճամփորդական արգելքը։
Արդյունքում ավելի քան մեկ միլիոն դիմումների ընթացքը կանգ էր առել՝ զրկելով բազմաթիվ մարդկանց գրին քարտեր, քաղաքացիություն և ներգաղթային այլ արտոնություններ ստանալու հնարավորությունից։ Դադարը նաև խաթարել էր մարդկանց՝ օրինական աշխատելու հնարավորությունը՝ նրանց ստիպելով անորոշ ժամանակով սպասել իրենց դիմումների վերաբերյալ որոշումներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը դատարան ներկայացված փաստաթղթում ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության փոխտնօրեն Անժելիկա Ալֆոնսո-Ռոյալսը հայտնել է, որ գերատեսչությունը հրահանգել է աշխատակիցներին այդ քաղաքականությանը վերաբերվել այնպես, «ասես դրանք այլևս ուժի մեջ չեն»։ Գերատեսչությունն իր կայքում տեղադրված հուշագրում նաև նշել է, որ ինքը «խստորեն համաձայն չէ դատարանի կարգադրության հետ», սակայն «կհետևի դրա պայմաններին՝ մինչև հնարավոր հետագա դատական վերանայումը»։
Ուրբաթ երեկոյան դրությամբ դեռևս պարզ չէր՝ արդյոք գերատեսչությունը վերսկսել է ներգաղթային դիմումների վերաբերյալ որոշումների կայացումը։ Նույն օրը վարչակազմը բողոքարկում է ներկայացրել ԱՄՆ Առաջին շրջանի վերաքննիչ դատարան՝ պահանջելով կասեցնել որոշման գործողությունը։
Այս արձագանքը հաջորդել է դատավոր Ջոն Ջ. Մաքքոնել կրտսերի կողմից Թրամփի վարչակազմին ուղղված նկատողությանը՝ անցյալ շաբաթ իր արձակած կարգադրությունն անհապաղ չկատարելու համար։
![]()