![]()
«Ռոբերտ Քոչարյանի դաշինքը դիմել է ՍԴ: Մենք տեսել ենք՝ նախորդ 5 տարիներին իրենք ինչպես են ուղղակի հանրությանը ցույց տալու համար ինչ-որ բան անում. թող դիմեն ՍԴ, ինչպես նախկինում դիմել էին։ Եվ ընդհանրապես, մենք իրենց գործունեությունը տեսել ենք, իրենց գործը՝ հանրությանը ցույց տալ, աղմուկ ստեղծել և այլն։ Հիմա նորից գալիս են ԱԺ, տեսնենք՝ ինչ են փորձելու այս անգամ անել»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։
Խոսելով վերահաշվարկի դիմած ուժերի մասին՝ պատգամավորն ասաց, որ ընտրությունները չորս օր է՝ ավարտվել են, և միայն վերջին երկու օրերին ընդդիմությունը նոր արթնացել է քնից և փորձում է աղմուկ ստեղծել՝ ընտրությունները կեղծելու հետ կապված։
«Դա աբսուրդ է, որովհետև նախ՝ ընտրակաշառք բաժանող ընդդիմությունը փորձում է խոսել ընտրակեղծիքներից, երբ իրենց մոտ 200 ընտրակեղծարարներ այսօր հարցաքննվում են հակակոռուպցիոն մարմնում, և որևէ մեկը չի հերքել, որ ինքը ներգրավված է եղել ընտրակաշառք բաժանելու մեջ։ Սա կարևոր է, և բոլորը պետք է տեսնեն և իմանան, որ իրենք, ամենամեծ կեղծարարը լինելով, եկել են, ընտրություններին մասնակցել են, մանդատ պետք է ստանան և այսօր փորձում են վերահաշվարկ պահանջել։ Մենք միայն ուրախ ենք այդ վերահաշվարկի համար, որովհետև այդ վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի ձայներն են ավելանում: Մենք ինքներս գուցե չդիմեինք, բայց արդյունքում ստացվում է, որ մենք ունենք ավելի ձայն, քան նախնական հաշվարկի ժամանակ ունեինք»,- ասաց պատգամավորը։
![]()