Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը

ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը:

Նշենք՝ օրեր առաջ ՔԿ-ն հայտնել էր, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի՝ 2009-2016-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանի, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախկին նախագահ Վիգեն Սարգսյանի, նույն ՊՈԱԿ-ի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հարություն Թադևոսյանի («Երևան-մոլ»-ի նախկին սեփականատեր) նկատմամբ:

Գործն առնչվում է Բրյուսովի անվան համալսարանի՝ 208 մլն դրամ արժեքով գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթին:

Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ