Հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների գնահատման նոր մոդել կգործի. նախարարը մանրամասնել է

«Երկար տարիներ ունեցել ենք «Փարոս» համակարգը, և անցյալ տարվա ապրիլից մենք նոր փորձնական համակարգ ենք ներդրել 2 մարզերում՝ Կոտայքի և Սյունիքի, այս որոշումներով փորձնական համակարգի գործարկման ժամանակ ի հայտ եկած հարցերի լուծումներն ենք տալիս»:

Այս մասին Կառավարության նիստին ասել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով նոր համակարգը:

«Նոր համակարգը գործելու է Հայաստանում հուլիսի 1-ից, այսինքն՝ հուլիսի 1-ից բոլոր մարզերում և Երևանում ընտանիքների դիմումները ստանալիս մենք գնահատումն իրականացնելու ենք այս նոր մոդելով, որը մինչ այդ գործում էր միայն Կոտայքի և Սյունիքի մարզերում:

1 տարի և մի քանի ամիսների աշխատանքի ընթացքում ի հայտ էին եկել խնդիրներ, որոնք ի սկզբանե կանխատեսված չեն եղել: Որոշակի տեխնիկական հարցեր էին ի հայտ եկել, մենք դրանք լուծում ենք, բայց ընդհանուր առմամբ այս նոր համակարգն ավելի շատ է միտված մարդկանց ոչ թե համակարգում պահելուն, այլ դուրս բերելուն աշխատանքի, կրթության և այլ գործիքների միջոցով: Կարծում ենք՝ այն բերելու է մեր բազմաթիվ, հազարավոր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ «Փարոս» համակարգում 2017-ին ընդգրկված է եղել 100 հազար ընտանիք, 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ 46 հազար ընտանիք, այսինքն՝ թիվը 54,1 տոկոսով կամ 2,2 անգամ պակասել է:

«Սա, իհարկե, նաև ցուցիչ է ընդհանուր աղքատության նվազման, որի ցուցանիշները մենք նաև տեսնում ենք մեր գործընկերների՝ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերից: Մենք գիտենք, որ վերջին տարիների ցուցանիշն իջել է, ինչպես նաև տեսնում ենք հարակից այլ ցուցանիշների միջոցով, օրինակ՝ նույն գործազրկության թվերի անկումը, միջին աշխատավարձի բարձրացումը, աշխատատեղերի թվի բարձրացումը, այսինքն՝ այդ բոլորը խոսում են նույն պրոցեսի մասին»,- ասել է նա:

Նախարարը նաև հավելել է, որ «Փարոս» համակարգում նպաստի չափը 29 հազար դրամ էր և լուրջ աջակցություն չէր ընտանիքներին՝ ի հակադրություն այն համակարգի, որտեղ աջակցության չափը որոշվում է կարիքի հիման վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ ասելով, թե անապահովության գնահատման նոր համակարգը շրջադարձային նշանակություն ունի:

«Շատ ուրախ եմ, որ մենք ոչ մի քաղաքական նկատառումով չենք դանդաղեցրել և չենք կանգնեցրել գործընթացը, որովհետև այս բարեփոխումն ունի շատ կարևոր գաղափարախոսական և հայեցակարգային նշանակություն, որովհետև մենք պետք է ընդհանրապես հստակ կիսենք և համաձայնության հասնենք ՀՀ-ում կյանքի միջին վիճակագրական մոդելի հարցում՝ կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ