Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան․ Ավանեսյան

ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին շարունակվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ 2025 թվականին առողջապահության ոլորտին հատկացվել է 171.2 մլրդ դրամ, ընդհանուր կատարողականը կազմել է 96,2 տոկոս, 11,7 մլրդ դրամ նախատեսվել է կապիտալ ծախսերի համար, որից օգտագործվել է 6,4 մլրդ դրամ:

Հաշվետու տարում նախարարությունն իրականացրել է 12 բյուջետային ծրագիր եւ 45 միջոցառում, դրանցից 4-ը կապիտալ ծախսեր են եղել:

Համեմատականներ անցկացնելով՝ նախարարը նշել է, որ կառավարման հինգ տարիների ընթացքում առողջապահության ոլորտի 2025 թվականի բյուջեն 2018 թվականի համեմատ կրկնապատկվել է, իսկ ընթացիկ՝ 2026 թվականի բյուջեն ավելի է կրկնապատիկից: «Մեր քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին գրանցվել է կյանքի միջին տեւողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան, որը մեզ համար բավականին մեծ ձեռքբերում է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն անդրադարձել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը՝ ընդգծելով, որ այդ դժվարին եւ երկար սպասված բարեփոխումը կարելի է հաջողության պատմություն համարել: «Վերջին վեց ամիսների ընթացքում ականատես ենք մեր քաղաքացիների գոհունակությանը, շնորհակալությանը: Մեր քաղաքականությունը շարունակվելու է, եւ, ի հեճուկս ընդդիմության ու նախընտրական քարոզի շրջանակում բազմիցս հնչած կեղծ թեզերի շրջանառությանը, Առողջության համընդհանուր ապահովագրությունը 2027 թվականի հունվարի 1-ից էլ ավելի կընդլայնվի ներառվող շրջանակների մասով եւ 2028 թվականին կամփոփի մեր ամբողջ բնակչությունը»,- ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նաեւ տեղեկացրել է, որ քաղաքացիների՝ բուժօգնություն ստանալու դիմելիության աճին համարժեք Կառավարությունն ավելացրել է ֆինանսավորումը: «Եթե անձը մեր շահառուն է եւ դիմել է, ապա նա այդ տարվա ընթացքում ստանում է համապատասխան բուժօգնությունը»,- ընդգծել է նախարարը:

Ոլորտի պատասխանատուն հաջորդիվ ներկայացրել է իրականացված ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները: Անդրադարձ է կատարվել նաեւ անելիքներին: Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ