![]()
«Ունենք շուրջ 115 քրեական վարույթ, նախորդ օրվա դրությամբ եմ ասում, այդ վարույթներով հարցաքննվել են հարյուրավոր անձինք, և որևէ անձ չունենք, որը հարցաքննության ընթացքում հերքած լինի և տվյալներ տրամադրած լինի, որ ձայնագրությունը կեղծված է, այդ խոսակցության հեղինակը ես չեմ, կամ պահանջի, որ նշանակվի փորձաքննություն»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք չե՞ն եղել հայտարարություններ՝ հրապարակած ձայնագրությունների իսկության հետ կապված:
«Նման որևէ տվյալ որևէ վարույթով մենք չունենք»,- հայտնել է Նահապետյանը:
Ճշտող հարցին՝ արդյոք չե՞ն ասել, որ ձայնագրությունը, օրինակ, մոնտաժված է, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ հրապարակված ձայնագրություն, ձայնագրության կտոր չկա, որը կոնտեքստից կտրված լինի:
«Այսինքն՝ հրապարակվել են ձայնագրությունների էն հատվածները ամբողջական, որը վերաբերելի է եղել որևէ քաղաքական ուժի, այսինքն՝ տվյալներ է պարունակում, որ ինքը պատկանում է այս կամ այն քաղաքական ուժին, և խոսակցությունը վերաբերել է կոնկրետ ընտրակաշառքին: Այսինքն՝ մենք էդ ամեն ինչը, բնականաբար, ներկայացնելու ենք դատարան:
Մենք ունենք ավարտված քրեական վարույթներ, 14 քրվարույթ 54 անձի վերաբերյալ արդեն իսկ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան, և վաղը մյուս օր մեր հանրությունը գնալու է դատարան և անձամբ ծանոթանա այդ ձայնագրություններին»,- տեղեկացրել է Նահապետյանը:
Վերջինս հայտնել է՝ այն ձայնագրությունները, որոնք հանրությունը լսում է ներկայում, կատարվել են մի դեպքում մեկ ամիս առաջ, մյուս դեպքում մեկ օր առաջ կամ մի քանի ամիս առաջ:
«Դրանք, ըստ էության, որևէ էական նշանակություն չունեն, քանի որ նախաքննական մարմինը դրանք հրապարակում է այն ժամանակ, երբ իրականացվում են բացահայտ գործողություններ»,- նշել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:
![]()