![]()
«Երեկ պարզվեց, որ նաև մեր ձայները չեն հաշվարկվել… Մասամբ չէ, եթե ընդդիմության համար եղել է 20-30 ձայն, ապա մեր մոտ եղել է 100-150 ձայն, որ չի հաշվարկվել։ Ոչ թե չի հաշվարկվել, այլ տեխնիկական սխալ է եղել, քանի որ ձեռքով են մուտքագրումն անում, հնարավոր է տողերի խախտում»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ պատասխանելով խախտումների մասին հարցին։
Նա հավելել է, որ իրենց ունեցած նախնական արդյունքներով կա պատկեր, որի հիման վրա կարող են ասել, որ միանձնյա ձևավորելու են կառավարությունը, իշխանություն, բայց նաև սպասել է պետք վերջնական արդյունքների, որի համար այս ընթացքում ԿԸՀ-ն մանրամասն աշխատանք է կատարում։
Պատասխանելով թվերի հաշվարկի միջոցով ընտրակեղծարարության մասին հարցին՝ Ղազարյանն ասել է.
«Դա ընտրակեղծարարություն չէ, բնավ։ Բոլորը գիտեն, որ տեխնիկական խնդրներ են։ Բոլորը գիտեն, որ ՔՊ-ի ձայներն ավելի շատ են որոշ տեղերում տուժել, քան «Ուժեղ Հայաստանինը» և մնացածինը։ Կարծում եմ, որ իրենք պետք է վախենան ԱԺ-ում դժվարություններից , ոչ թե մենք։ Էդ ուժեղներին ամեն ելույթիս ժամանակ հարցնելու եմ՝ էդ ադրբեջանցիներն ուր են, եթե չապացուցեցին՝ խնդիր են ունենալու.. չգիտեմ՝ ինչ երազ են տեսել, կամ ինչ սունկ են կերել»:
![]()