Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով․ Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի կողմից ավելի վաղ սոցցանցում տեղադրված երկու ընտրատեղամասերի քվեների քաղվածքները՝ փաստելով, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ ՔՊ-ի ձայները ևս սխալ են մուտքագրված։

«Իվետա Տոնոյանի հրապարակած այս քաղվածքը իրապես սխալ է անցկացվել ԿԸՀ կայք։ Բայց սխալ են անցկացվել ոչ միայն ԲՀԿ-ի, այլև կարծես բոլորի ձայները։

Մասնավորապես այս նկարի 27/7 տեղամասի ՔՊ-ի ստացած 301 ձայնի փոխարեն կայքում անցկացվել է 63 ձայն։ ՔՊ-ի (համար 16) ձայները գրվել են ԴՕԿ-ի (համար 15) դիմաց, Հայաստան դաշինքի (համար 17) 63-ը՝ ՔՊ (համար 16) դիմաց։

Այսպիսով ԲՀԿ-ի գործուն միջամտության արդյունքում սխալի բացահայտումը ՔՊ-ի ձայները այս տեղամասում կավելացնի 238-ով։

Կարծես լիովին նույն պատկերն է տիկին Տոնոյանի հրապարակած 27/26-ում, որտեղ ՔՊ-ի ստացած 524 ձայնի փոխարեն ԿԸՀ կայք է անցկացվել Հայաստան դաշինքի 112 ձայնը։ ՔՊ-ի ձայներն էլ էլի գնացել են ԴՕԿ-ի դիմաց։ Այս տեղամասում էլ ՔՊ-ի ձայները կավելանան 412-ով։

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով։

Թե բա՝ գողացել են ձայները։ Եթե սա գողություն էր, ապա ամենամեծ տուժողը մենք էինք, իսկ իրականում՝ ակնհայտ է, թե ինչ տեխնիկական սխալ է տեղի ունեցել, որը բնականաբար պիտի շտկվի, և բոլոր ուժերը պիտի ստանան իրենց ստացած ձայները»,- գրել է Ալեքսանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ