Ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալու շարունակել Կառավարության քաղաքականությունը․ Միրզոյան

Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին և հանդես եկել զեկույցով։

Նախարար Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԳՆ-ն ներկայացրել է նախարարի ելույթի հատվածը:

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Նախ թույլ տվեք շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հերթական անգամ ժողովրդավարական, ազատ, արդար, թափանցիկ և ամենաբարձր միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող համապետական ընտրություններ անցկացնելու առթիվ։

Սա, կարծում եմ, հերթական անգամ գալիս է փաստելու, որ ժողովրդավարական գործընթացները և, առաջին հերթին, ազատ, արդար ու թափանցիկ ժողովրդավարական ընտրությունների կայացումը Հայաստանում այլևս անշրջելի են։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա այն ընտրական գործընթացների խախտումները, որոնց մենք ականատես ենք եղել մինչև 2018 թվականը։

Երկրորդ, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արդեն երրորդ անգամ անընդմեջ համապետական խորհրդարանական ընտրություններում երկրի կառավարումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահելու համար։

Այն փաստը, որ արդեն երրորդ անգամ անընդմեջ մենք կարողանում ենք միանձնյա ձևավորել կառավարող մեծամասնություն, իհարկե, շատ խոսուն է և, մյուս կողմից, նաև շատ պատասխանատու ու պարտավորեցնող։ Մեզ համար պատիվ է ստանձնել այդ պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, և ինչպես նախկինում, այսուհետ ևս մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեզ վստահված կառավարումն իրականացնենք և մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել։

Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, հարգելի մշտական հանձնաժողովների նախագահներ, որ համաձայնեցիք, այնուամենայնիվ, այս հանդիպումն անցկացնել միասնական ձևաչափով։ Կարծում եմ՝ դրանից մենք բոլորս միայն շահում ենք։

Ինչպես արդեն նշեցի, խորհրդարանական ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալու շարունակել կառավարության քաղաքականությունը, և դա, իհարկե, վերաբերում է նաև արտաքին հարաբերությունների ոլորտին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ