![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ ունեն ահազանգեր այն մասին, որ երեկոյան ժամերին կարող են լինել որոշակի հոսանքազրկումներ՝ միգուցե կիբեռհարձակումների տեսքով, միգուցե այլ մեխանիզմներով։
«Թեև էլեկտրական ցանցի պատասխանատուները մեզ վստահեցրել են, որ էլեկտրացանցի ամեն տեղամասում պատասխանատու հերթապահ է լինելու, և ամեն ենթակայան հիմա խիստ վերահսկվում է նաև ուժային կառույցների կողմից։ Ամեն դեպքում, ես ուզում եմ բոլորին ասել՝ եթե լինեն հոսանքազրկումներ, մենք ունենք գործողությունների հստակ ալգորիթմներ։ Այդ դեպքում, նախ՝ 1996 թիվը չէ, որ հոսանքը գնալու դեպքում բոլորը սկսեն մոմ ման գալ մթության մեջ։ Բոլորը հեռախոս ունեն, հեռախոսները լապտեր ունեն, բայց նաև տեսախցիկներն են շարունակելու աշխատել։ Տեսախցիկները UPS-ով են և շարունակելու են նկարահանել ու հեռարձակել տեղի ունեցածը»,- ասել է նա:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում վստահեցրել է, որ էլեկտրական ցանցերը աննախադեպ միջոցառումներ է իրականացնում՝ հերթապահելով բոլոր տեղամասերում:
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը սերտորեն համագործակցում է ուժային կառույցների հետ դիմագրավելու և կարճ ժամանակում չեզոքացնելու բոլոր հիբրիդային միջամտությունները:
Նա նաև ասել է, որ դեռ շաբաթներ առաջ ԿԸՀ-ի հետ քննարկել են բոլոր հնարավոր ռիսկերը և բոլոր սցենարների դեպքում ունեն հակազդման միջոցառումների հստակ պլան:
![]()