Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում քվեարկող քաղաքացիները պարտավոր են ստանալ բոլոր քվեաթերթիկները, իսկ ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կհամարվի անվավեր:

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Նա պարզաբանել է, որ ընտրողը չի կարող հրաժարվել քվեաթերթիկների որևէ մասից, քանի որ դա կարող է դիտվել որպես քվեարկության գաղտնիության խախտում։

«Ընտրողը պարտավոր է ստանալ բոլոր քվեաթերթիկները։ Ընտրողը չի կարող հրաժարվել քվեաթերթիկների մի մասից, քանի որ սա ևս դառնում է քվեն բացահայտելու եղանակ։ Եթե դուք վերցնում եք մեկ քվեաթերթիկ կամ ինչ-որ քվեաթերթիկներից հրաժարվում եք, սա ևս քվեարկության գաղտնիություն է խախտում»,-ասել է նա։

ԿԸՀ քարտուղարի խոսքով՝ ընտրողը պետք է բոլոր քվեաթերթիկներով և ծրարով մտնի քվեախուց, ընտրի միայն մեկ քվեաթերթիկ, այն դնի ծրարի մեջ, իսկ մնացած բոլոր քվեաթերթիկները թողնի քվեախցիկում։

Սմբատյանը շեշտել է, որ որևէ նշում կամ գրառում կատարելու անհրաժեշտություն չկա։

«Ծրարի, քվեաթերթիկի վրա որևէ գրառման անհրաժեշտություն չկա։ Որևէ գրառման դեպքում այդ քվեաթերթիկը կդառնա անվավեր։ Ընդ որում՝ գրառումը թե՛ ծրարի վրա, թե՛ քվեաթերթիկի վրա, այդ քվեաթերթիկը կդառնա անվավեր»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ անվավեր կհամարվի նաև այն քվեաթերթիկը, որի հետ ծրարում կլինի մեկից ավելի քվեաթերթիկ կամ որևէ այլ առարկա։

ԿԸՀ քարտուղարը նաև հիշեցրել է, որ ընտրողը պետք է պահպանի քվեարկության կտրոնը, քանի որ դրա կորստի դեպքում չի կարողանա մասնակցել քվեարկությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ