«Գող Բջեն» ձերբակալվել է

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ձերբակալվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վարդան Հարությունյանը՝ «գող Բջեն»։

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել ձերբակալությունից։

«ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Հ.-ն, ով հայտնի է «գող Բջե» կեղծանունով՝ օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ «Տեցիկ» կեղծանունով հայտնի Ա.Հ.-ի կողմից դիմելուց հետո, վերջինիս և «Գոջո» կեղծանունով հայտնի Ս.Պ.-ի միջև առաջացած մասնավոր հարցը պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին և դրանց իրացման իրավաչափ ձևերին չհամապատասխանող եղանակներով լուծելու նպատակով՝ Ա.Հ.-ին հրահանգել է՝ նախկինում քրեական վարույթների շրջանակում քրեական ենթամշակույթ կրող անձանց վրա ցուցմունքներ տալու համար Ս.Պ.-ին ճանաչել որպես վարկաբեկված, պատվազուրկ անձ և պատժել:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վ.Հ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և Ա.Հ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Վերջիններս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Վ.Հ.-ի և Ա.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ