![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից այլ անձանց հետ իշխանության յուրացում նախապատրաստելուն։
«Հունիսի 7-ին ժողովուրդը պետք է վերջնականապես մերժի ու քաղաքական աղբանոցը նետի սեփական երկիրը գուբերնիա սարքելու երազանքով ապրողներին:
Տեսեք՝ ինչ է ասում. «Կես քայլ չեմ անի առանց ռուսի ասելու, ռուսն է թելադրում»…։ Երբ մենք մեր հայրենակիցներին զգուշացնում էինք, թե իրականում ում և ինչ շահերի են ծառայում այս բոլոր «վարդանիկները», շատերը թերահավատորեն էին մոտենում։ Հիմա արդեն դիմակները պատռված են, ու ամեն ինչ ավելի քան հստակ է. Վարդանիկն ու իրեն ձայն տված, իր թիկունքին կանգնած ուժերը ոչ թե քաղաքական ընդդիմադիրներ են, այլ Հայաստանի ինքնիշխանության ու պետականության դեմ բացահայտ գործող տարրեր։
Սա վաղուց արդեն քաղաքականություն կամ այլախոհություն չէ, սա սեփական երկրի անկախությունը, ինքնիշխանությունն ու Սահմանադրությունը օտարի կրնկի տակ դնելու, սեփական հայրենիքը վաճառքի հանելու ստոր պատրաստակամություն է հանուն իշխանության հասնելու հիվանդագին մոլուցքի։
Մեկընդմիշտ հիշե՛ք՝ ոչ մեկին թույլ չենք տալու Հայաստանը դարձնել գուբերնիա, իսկ հայ մարդուն՝ ստրուկ։ Հունիսի 7-ը այս դավադիր ուժերի վերջին հույսն է, և մեր ժողովուրդը պիտի միանշանակ, հուժկու հարվածով և անդառնալիորեն դուրս նետի այս տեսակին հայաստանյան քաղաքական ու հանրային դաշտից»,- գրել է պատգամավորը։
![]()