![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանի հայտարարությանն այն մասին, թե «Ուժեղ Հայաստանում էլեկտրականությունն ու ջուրը աղքատ ընտանիքների համար լինելու են անվճար»:
«ՀԷՑ֊ի սեփականատերերը խոստանում են իշխանության գալու դեպքում աղքատ ընտանիքների համար էլեկտրաէներգիան դարձնել անվճար։ Այստեղ առաջին ռեակցիան իհարկե այն է, թե իսկ ինչու անցած 10 տարիներին դա չէին անում։
Բայց կա նաև երկրորդ ռեակցիա ֊ մի րոպե, բայց նյութական աշխարհում անվճար բաներ չեն լինում, իսկ ո՞վ է վճարելու «անվճար» հոսանքի դիմաց։ Այստեղ կա երկու տարբերակ` կամ վճարելու են մյուս բոլոր սպառողները իրենց վճարած սակագնով կամ հարկերով, կամ վճարելու է ՀԷՑ֊ի սեփականատերը իր շահույթից։
Այստեղ բացում ենք թվերը և տեսնում, որ հասարակությունն արդեն իսկ դրսևորել է սոցիալական պատասխանատվություն և իր վրա է վերցրել սոցիալապես անապահով մոտ 53 000 ընտանիքների հոսանքի վարձավճարի սուբսիդավորումը։ 2025 թվականին վերջիններս իրենց սպառած մոտ 7 մլրդ դրամի հոսանքի դիմաց վճարել են մոտ 4 մլրդ դրամ։ Մնացած 3 միլիարդը ներառված է մյուս բոլոր սպառողների սակագնի մեջ, այսինքն վճարել են մյուս բոլոր ՈՉ անապահով ընտանիքները։
Եթե Նարեկն առաջարկում է այս 53 000 ընտանիքների հոսանքը դարձնել «անվճար», ապա պիտի պարզաբանի, թե ո՞վ է վճարելու այս 4 միլիարդ դրամը` մյուս բոլոր սպառողնե՞րը, թե՞` Նարեկի հոպարը միայն անցած տարի ՀԷՑ֊ից ստացած մոտ 33 միլիարդ դրամ շահույթից»,- գրել է Եղոյանը:
![]()