ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP

«Փաստերի ստուգման հարթակ»-ի լրագրողը զանգահարել է Ռուսաստանի հայերի միության մի քանի կառույցների ղեկավարներին և ներկայանալով որպես ՌԴ ԱԴԾ (ФСБ) սպա, մանրամասներ պարզել ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից։ ՌԴ հայերի միության ներկայացուցիչները, վստահ լինելով, որ խոսում են իրենց «կուրատորի» հետ, բացահայտել են Հայաստանի ընտրություններին միջամտելու մանրամասները։

Այս մասին հրապարակում է արել «Փաստերի ստուգման հարթակ»-ը (FIP)։

«Առավել ուշագրավ էր հատկապես Ուլյանովսկի հայ համանքի ղեկավար Արսեն Աբրահամյանի հետ զրույցը։ Ի դեպ, իր նամակագրությունների արտահոսքի հետևանքով Աբրահամյանը հեշտորեն զրույցի բռնվեց։ Մեր խոսակցության ընթացքում Արսեն Աբրահամյանը խոստովանել է, որ համայնքի անդամները հստակ հրահանգավորված են քվեարկել «Ռուսաստանի թիմի» օգտին։ Նա առանձնացնում է չորս հիմնական ուժեր՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Արման Թաթոյանի գլխավորած ուժերը։

Նկատենք՝ 60-ամյա Արսեն Աբրահամյանը, բաց աղբյուրների համաձայն, մինչև 2007 թվականը ղեկավարել է Ուլյանովսկի «Ոսկեվան» հայկական համայնքը, իսկ առնվազն 2007 թվականից Ռուսաստանի հայերի միության Ուլյանովսկի մարզային կառույցի ղեկավարն է համարվում։

Առավել ուշագրավ է «Միասնության թևեր» կուսակցության մասով կիրառվող մանիպուլյացիան։ Աբրահամյանը նշում է, որ այս ուժին աջակցելիս իրենք բացահայտ կապը չեն ցուցադրում, որպեսզի ստեղծվի «եվրոպամետության ֆոն», թեև իրականում այդ ուժը նույնպես ռուսամետ է։

«Ասեմ, որ 4-րդ ուժը, որին մենք Ռուսաստանից աջակցում ենք, «Միասնության թևեր» կուսակցությունն է։ Մենք աջակցում ենք, բայց այդ մասին ցույց չենք տալիս, որ նրանց եվրոպամետության ֆոն պահենք։ Բայց նրանք նույնպես ռուսամետ են»,- զրույցի ընթացքում ասում է Աբրահամյանը։

Զրույցի ընթացքում բացահայտվում է նաև ընտրողների տեղափոխման լոգիստիկան։ Թեև Արսեն Աբրահամյանը պնդում է, որ անձամբ Հայաստան-Ռուսաստան ավիատոմսեր չի գնում, բայց զրույցի ընթացքում նշում է, որ «մարդիկ կան, որ օգնում են» նրանց, ովքեր ցանկանում են մեկնել, բայց հնարավորություն չունեն։

«Ով ում հասնում, օգնում է ավիատոմսերով։ Անձամբ ես տոմսեր չեմ գնել ոչ մեկի համար։ Ուղղակի մարդիկ են եղել, որ ի սրտե ցանկացել են մեկնել Հայաստան, ասել են, որ հնարավորություն չունեն, խնդրել ենք ընկերներին, օգնել են։ Ես էլ որպես հասարակական գործիչ խնդրում եմ մարդկանց ընկերներիս, խնդրում եմ օգնում են, մարդիկ էլ կան, որ իրենց փողերով են առնում տոմսը»։

Ի դեպ, խոսելով իր գործառույթների մասին՝ Աբրահամյանն ասում է, որ ինքը Հայաստանի քաղաքացիություն չունի, չի կարող մասնակցել քվեարկությանը, նշում է, որ այս պահին Մոսկվայում է և այնտեղից զանգերի միջոցով փորձում է կառավարել գործընթացը․ թեև համայնքին ուղղված և մեր տրամադրության տակ հայտնված իր ուղերձում նշում էր, որ անձամբ գնալու է Հայաստան։

Ռուսական ФСБ-ի և հայկական համայնքի կապի մասին
«ԱԴԾ սպա» ներկայացած լրագրողը զրույցի ընթացքում ընդգծում է, որ ФСБ-ն կարող է ֆինանսապես օգնել Հայաստան մեկնել ցանկացողներին, ինչին ի պատասխան Արսեն Աբրահամյանը սկսում է խնդրել, որ տնային կալանքի տակ գտնվող իր գործընկերոջը կարելի է ազատ արձակել։

Շարունակում ենք հետաքրքրվել՝ ФСБ-ի կուրատորը արդյոք աջակցո՞ւմ է, Արսեն Աբրահամյանը արձագանքում է․ «Այո, իհարկե, մենք փոխգործակցում ենք, ձեր կոլեգաների հետ, ամեն ինչ հրաշալի է։ 24 տարի է՝ նախագահում եմ ու փառք Աստծո մեր միջև լիարժեք հասկացվածություն է»։

Հեռախոսազրույցի ընթացքում Արսեն Աբրահամյանը նաև դժգոհում է Հայաստանի գործող կառավարության գործունեությունից՝ նշելով, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները չեն աշխատում իրենց հետ և դաշնակցային հարաբերություններ չեն պահպանում Ռուսաստանի հետ։

Այսպիսով, ձայնագրությունից հետևում է, որ Ռուսաստանի հայերի միության Ուլյանովսկի կառույցի ղեկավար Արսեն Աբրահամյանը, իրեն ФСБ-ի աշխատակից ներկայացրած անձի հետ զրույցում խոսում է Ռուսաստանից Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ներգրավված լինելու, որոշ քաղաքական ուժերի աջակցելու և ռուսական ուժային կառույցների հետ համագործակցության մասին։

Ստացվում է՝ Ռուսաստանի հայ համայնքի առանձին ներկայացուցիչներ Հայաստանի քաղաքական գործընթացների վրա ազդելու ակտիվ գործողություններ են իրականացնում»,- ասվում է հրապարակմա մեջ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ