![]()
Մեր երկրում անվտանգ ճանապարհային երթևեկության մշակույթի ձևավորումը շարունակում է մնալ պետական կարևոր առաջնահերթություն։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ներքին գործերի նախարարության հետ համատեղ մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր։
Ինչպես հայտնել է ԿԳՄՍՆ-ն, արդեն այս սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։
«Խմբակի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կսովորեն․
ճանապարհային երթևեկության կանոնները,
ճանապարհային նշանները և գծանշումները,
լուսացույցի և կարգավորողի ազդանշանները,
հետիոտնի և ուղևորի վարքականոնները,
ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները,
վարորդական գործնական հմտություններ և այլն:
Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց, որի շնորհիվ սովորողները կարող են քննություն հանձնել և վարորդական վկայական ստանալ:
Կյանքի համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը, սովորողների գործնական կարողությունների և հմտությունների զարգացումը, առավել պատրաստված և պատասխանատու շրջանավարտների ձևավորումը կրթական համակարգի կարևոր խնդիրներից են։
Ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ գիտելիքներն ու վարքականոնը կարևոր ներդրում են շրջանավարտի՝ որպես քաղաքացու պատրաստման գործում, որը մեծապես կարող է նպաստել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանն ուղղված պատասխանատու և անվտանգ հանրային մշակույթի ձևավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()