![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելուն և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և զարգացման ծրագրերին։ Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։
Քննարկվել են նաև տարբեր՝ այդ թվում, գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։ Այդ համատեքստում, ընդգծվել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման կարևորությունը։
Զրուցակիցները կարևորել են բիզնես կապերի խորացումը և Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, ՀՀ–ԵՄ ռազմավարական օրակարգի առաջմղումը։ Նշվել է, որ ԵՄ աջակցությունը «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում արդեն նպաստել է հազարավոր ձեռնարկությունների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ Կապակցվածության գործընկերության շրջանակում իրականացվող նախաձեռնություններին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու ենթակառուցվածքային նախագծերի և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի ընթացիկ ծրագրերի իրականացումը և կքննարկի համագործակցության նոր ուղղությունները։
Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումները, որոնց մասինՈւրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ դրանք ոչ այլ ինչ են, քան տնտեսական հարկադրանք, որն անընդունելի է։
![]()