Ստացվում են հեռախոսազանգեր և հաղորդագրություններ․ ՆԳՆ ոստիկանությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում են օտարերկրյա կամ անհայտ ծագման վիրտուալ հեռախոսահամարներից կատարվող, քաղաքական ենթատեքստով և սպառնալից հեռախոսազանգեր, ինչպես նաև տարբեր էլեկտրոնային հասցեներից քաղաքացիներին ուղարկվող, սպառնալիք պարունակող նամակներ։

Ինչպես հայտնել է ՆԳՆ կիբեռոստիկանությունը, նման հաղորդակցությունների միջոցով փորձ է արվում հոգեբանական ճնշում գործադրել և վախ ներշնչել հասարակության շրջանում՝ նպատակ ունենալով ազդել նրանց ընտրական իրավունքի իրականացման վրա։

«ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հանցավոր գործունեության բացահայտման ուղղությամբ։ Արդեն իսկ պարզվել է, որ էլեկտրոնային հասցեն ստեղծվել է ՀՀ-ից դուրս և մինչ այս պահը ՀՀ տարածքում չի օգտագործվել, իսկ զանգերն իրականացվում են արտասահմանյան ընկերությունից ձեռք բերված վիրտուալ հեռախոսահամարներով։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Մի՛ տրվեք հոգեբանական մանիպուլյացիաներին և մի՛ ծավալեք որևէ երկխոսություն կամ նամակագրություն։

Նման զանգերի դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դադարեցնել խոսակցությունը և արգելափակել զանգահարողի հեռախոսահամարը։

Էլեկտրոնային հաղորդագրություն ստանալու դեպքում անտեսել և չպատասխանել դրանց։

Սիրելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք․ ձեր ընտրական իրավունքի ազատ և անկախ իրականացումը ձեր ձեռքերում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ