«Հայաստանը դարձել է ազատության կղզյակ». Սաակաշվիլի

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուղերձ է հղել Հայաստանի քաղաքացիներին:

Սաակաշվիլիի խոսքով՝ վերջին տարիներին տարածաշրջանում պատկերը փոխվել է Թբիլիսիում «դիկտատուրայի աղետալի հաստատման» պատճառով, մինչդեռ Հայաստանը վերածվել է մի վայրի, որին շատ վրացիներ նախանձով են նայում:

«Դուք հասնում եք մի բանի, ինչը մենք նույնպես կցանկանայինք տեսնել Վրաստանում. դուք ազատվում եք ռուսական լծից: Մենք ականատես ենք լինում Հայաստանի, Եվրոպայի և Ամերիկայի միջև արագ մերձեցմանը»,- ընդգծել է Վրաստանի նախկին նախագահը:

Նա հավելել է, որ Հայաստանն այսօր դարձել է այն, ինչ նախկինում Վրաստանն էր՝ «ժողովրդավարության փարոս», և այժմ բազմաթիվ վրացիներ կանոնավոր կերպով գալիս են Երևան՝ «ազատության թարմ օդ շնչելու»:

Անդրադառնալով ընտրությունների նշանակությանը՝ Սաակաշվիլին շեշտել է, որ հայաստանցիները պետք է ընտրություն կատարեն ոչ միայն անհատների միջև, այլև հայեցակարգային առումով.

«Դուք ընտրում եք ոչ միայն Փաշինյանի և Կարապետյանի (հայկական Իվանիշվիլի) կամ մեկ ուրիշի միջև, այլև անցյալի և ապագայի, ստրկության և ազատության, թշվառության և բարգավաճման, պատերազմի կամ խաղաղության միջև»,-ընդգծել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ