![]()
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հունիսի 2-ից սահմանափակել է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։
Այս մասին հայտարարություն է տարածել գերատեսչությունը՝ նշելով, թե Ռուսաստան հայկական մրգերի մատակարարումների ժամանակ, իբր, խախտումների դեպքերը հաճախացել են։
Ռոսսելխոզնադզորի գնահատմամբ՝ նման դեպքերի աճը վկայում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին։
Կառուցվածքային բարեփոխումների արդյունքում այդ լիազորությունները փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարությանը։
Գերատեսչությունում կարծիք են հայտնել, որ վերջին շրջանում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, ինչը կարող է վկայել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը բախվում է կառուցվածքային խնդիրների և չի կարողանում լիարժեք իրականացնել իր վրա դրված գործառույթները։
Նշվում է, թե ստեղծված իրավիճակը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական անվտանգությունը, ինչպես նաև Ռուսաստանում արդյունաբերական այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական աջակցության ծրագրերի իրականացումը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվում Հայաստանի Հանրապետությունից ծագող և արտահանվող կորիզավոր պտուղների (կեռաս, բալ, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաև այդ արտադրանքի՝ ԵԱՏՄ անդամ երկրներ տարանցման նկատմամբ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմների մշակումը։
![]()