Ինչու է սպառնում Պուտինը. եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, Հայաստանն ունի այլընտրանք. Ղևոնդյան. տեսանյութ

Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է, որ նախընտրական շրջանով պայմանավորված՝ ակնհայտ է, որ հիբրիդային ճնշումները ահագնանում են, և դեռ 6 օր էլ ունենք, որ ազատվենք այդ ճնշումներից:

Փորձագետը համոզված է, որ սկսած հունիսի 8-ի առավոտից՝ ճնշումները կսկսեն նվազել, և ինչ-որ ժամանակ անց այդ ամենի մասին կհիշենք որպես պատմություն, որովհետև ՌԴ-ին էլ ձեռնտու չէ այն, ինչով մեզ է սպառնում:

Ըստ նրա՝ բոլոր սպառնալիքները ունեն մեկ նպատակ՝ կանգնեցնել ՀՀ ինքնիշխանությունը, որովհետև որքան ավելի ինքնիշխան է ՀՀ-ն, այնքան ավելի ազատ է իր որոշումներում, որքան ավելի շատ է Երևանը կարողանում որոշումներ ընդունել առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու, այնքան, բնականաբար, Մոսկվայի շահերը ավելի քիչ են իրացվում, և քանի որ ՌԴ-ն ժողովրդավարական պետություն չէ, որոնք փորձում են տարբեր առաջարկներով հանդես գալ, գայթակղել, տեխնոլոգիապես հետամնաց է, չի կարողանում գայթակղել ՀՀ-ին և փորձում է սպառնալ:

«Տարբերությունը սրանում է. և՛ ԱՄՆ-ն, և՛ Չինաստանը, և՛ ԵՄ-ն փորձում են ՀՀ-ում իրենց շահերն իրացնել, ի տարբերություն մյուս կենտրոնների՝ ՌԴ-ն սպառնալիքների միջոցով է փորձում դա անել, որովհետև չի կարողանում առաջարկների ու գայթակղությունների միջոցով դա անել»,- ասում է Ղևոնդյանը:

Ըստ նրա՝ մարդը գնալու է ընտրատեղամաս, վերցնելու է քվեաթերթիկը և մտածի՝ ում ընտրի, իմանալու է, որ կա այս առաջարկը, այս մի առաջարկը, այն առաջարկը ու այս սպառնալիքը, և որոշի՝ սպառնալի՞քն է իրեն ավելի շատ ահաբեկում, թե՞ առաջարկն է ավելի շատ գայթակղում:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերի մասին՝ փորձագետը նկատում է՝ պատմության ընթացքում ունեցել ենք ղեկավարներ՝ թագավորներ, որոնք գործել են այլ պետության շահից, օրինակ՝ Արշակունիների տոհմից Վարազդատը, որը հայտնի է սպորտային հաջողություններով, առաջ էր մղում Հռոմեական կայսրության շահերը. «Ցավոք, պատմության մեջ կմնա նաև ՀՀ երկրորդ նախագահը, որը առաջ է մղում ՌԴ շահերը. հավանաբար, ինչպես հիմա մենք Վարազդատին ենք հիշում, որին, ի դեպ, վռնդեցին Հայաստանի թագավորությունից, այնպես էլ Քոչարյանին կհիշեն: Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման տարիներին էլ, հիմա էլ սպասարկում է ՌԴ շահերը, նա գաղափարապես իրեն համարում է Կալինինգրադից մինչև Մագադան երկրի ներկայացուցիչ և ոչ թե ՀՀ ներկայացուցիչ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ