Վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի նկատմամբ կհայտարարվի հետախուզում. նա ՌԴ-ում է

Դատախազը 2026 թվականի մայիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքով տեսանյութի դիմակավորված հինգ անձանցից մեկի՝ Մ. Մ.-ի (-խմբ. Մհեր Միրզոյան) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստում) և 211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, մի խումբ անձանց հետ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելը):

Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, դիմակավորված հինգ անձինք «որսացել» են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային «live.1tv.am» կայքի ուղիղ եթերի ժամանակ հաղորդվող տվյալը (տեսանյութը) և տարածել սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։

2026 թվականի մայիսի 17-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

2026 թվականի հունիսի 1-ին միջնորդություն է ներկայացվել դատարան մեղադրյալ Մ. Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ Մ. Մ.-ն 2024 թվականից բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և ըստ նախնական տվյալների՝ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ Մ. Մ.-ի նկատմամբ հետախուզում հայտարարելու համար:

Սպառնալիքներին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով համարժեք պատասխան:

«Ա՛յ փսլինքներ, մասկեքներդ հանեք, համբալնե՛ր, մասկեքներդ հատ-հատ հանելու եմ ու մտցնեմ համապատասխան տեղը: Գիտե՞ք՝ ինչի են մասկեքով, որովհետև որ հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն տակները լցրած, փախած, մեր զինվորներին մենակ թողած փսլինքներն են: Եկել են Հայաստանում մասկա-ավտոմատ են խաղում, չոքցնելու եմ ձեզ»,- ասել էր վարչապետը՝ խորհուրդ տալով դիմակները հանել ու կամավոր ներկայանալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ