Ինչի համար է կալանավորվել Արթուր Օսիպյանը. Սիմոնյանը գրառումներ է հրապարակել

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Արթուր Օսիպյանի գրառումներից և գրել. «Խոսքի ազատությո՞ւն է սա, թե՞ խուլիգանություն, կարո՞ղ է սպառնալիք է»:

 

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը երկու ամսով կալանավորվել է:

Ըստ իրավապահների՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նա 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ «Ֆեյսբուք»-ի իր օգտահաշվի միջոցով քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:

Բացի այդ՝ Օսիպյանը, տեղեկանալով ՀՀ վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների կողմից 2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով «Ֆեյսբուք»-ի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:

Այնուհետև Արթուր Օսիպյանը հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Օսիպյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ