![]()
«Բարեկամական պետությունն իր բարեկամ պետության հետ այդ լեզվով չի խոսում: Ռուսաստանը տնտեսական պատերազմ է հայտարարում Հայաստանին, ուրիշ գնահատական չի կարող լինել: Հանքային ջրերի, գյուղատնտեսական մթերքների դեմ հայտարարված պատժամիջոցները հենց պատերազմի տարրեր են»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Հարցին, թե որքանով է գազը որպես մահակ օգտագործվում ՀՀ-ի դեմ՝ Արշակյանը նշեց. «Կօգտագործեն և միշտ են օգտագործել: Հիմա քանի որ հնարավորություն չունեն գազամուղը պայթեցնելու՝ կանջատեն, դա պատերազմի արդեն այլ փուլ է: Մենք պետք է իմանանք, որ ՌԴ-ն դրան ընդունակ է, դրան պատրաստվում է, բայց քանի որ պատերազմ հայտարարող կողմը սովորաբար անակնկալ է մատուցում, Ռուսաստանը նույնիսկ այդ կուլտուրան չունի, ինքը նախօրոք հայտարարում է, որ ՀՀ տնտեսության, հայ ժողովրդի դեմ էներգետիկ պատերազմ է հայտարարելու: Գազ շատ կա աշխարհում, առաջարկում եմ համարժեք պատասխան տալ, եթե գազը փակեն՝ ազգայնացնել գազամուղը»:
Արշակյանի խոսքով՝ Հայաստանը կարող է գազ ստանալ Վրաստանից, Իրանից, Ադրբեջանից, Թուրքիայից. «Այս երկրները մեզ կարող են գազ վաճառել: Մենք պետք է պատրաստ լինենք, որ անհրաժեշտության դեպքում արդեն նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեն այն պետությունների հետ, ովքեր ունեն գազ, մեր չորս կողմը գազամուղեր են գնում, այդպես գազը կարող ենք գնել: Գազի այդ սպեկուլյատիվ գինն էլ մեզ խաբում են, այդ գինը չի, 160 կամ 170 դոլարը չի, իրականում 400 դոլար է և դրա մեջ մտած են նաև այլ արժեքենր, օրինակ՝ իր վաճառած էլեկտրաէներգիան նույնպես պետք է մտցնել գազի գնի մեջ, մենք թանկ գնով ՌԴ-ից էլեկտրաէներգիա ենք գնում»:
Անդրադառնալով նաև Լարսում տիրող իրավիճակին և կուտակումներին՝ Ազատ Արշակյանն ասաց. «Լարսի անցակետում տիրող իրավիճակը ՀՀ քաղաքացիներին վախեցնելու նպատակն ունի, բայց ՀՀ-ն պետք է օգնի գործարարներին, որպեսզի իրացնեն իրենց ապրանքը, որ նրանք Ռուսաստանի շուկայի վրա այլևս հույս չդնեն, արդեն 36 տարի է՝ ՌԴ-ն ասում է, որ հուսալի գործընկեր չէ: Նրանք պետք է այլ շուկաներ տեղափոխվեն կամ պետությունը փոխհատուցում տա»:
Արշակյանն այս քայլերը նախընտրական ճնշում համարեց. «Վախկոտին ամեն ինչով կարելի է վախեցնել, մենք պետք է ասենք, որ վախկոտ չենք: Որոշ քաղաքացիներ կազդվեն բացասական իմաստով, այսինքն՝ կվախենան, կհանձնվեն, որոշ քաղաքացիներ հակառակը՝ կգնան համարժեք քայերի, կվռնդեն ՌԴ-ին մեր տարածքից: Հիմա Ռուսաստանին դա սպառնում է, պետք է ՌԴ-ին ասենք՝ ձեզ վռնդում ենք մեր էներգետիկ, գյուղատնտեսական համակարգից՝ թող կարտոշկա ու կաղամբ ուտեն, եթե ելակ ու լոլիկ չեն ուզում»:
Արշակյանի կարծիքով՝ Ռուսաստանում հիստերիկ վիճակ է և նա իրականության զգացումը կորցրել է. «Հայաստանը հաշվի չի առնելու Ռուսաստանի կարծիքն ու անելու է այն, ինչ իրեն պետք է: Այդ հիստերիկան վատ կառավարման հետևանք է, ՌԴ-ում իշխանության կառավարիչները հիստերիկ են, զավթիչներ են: Աշխարհի 51 պետության ՌԴ-ն հայտարարել է իրեն թշնամի, ՀՀ-ն՝ 52-երորդն է»:
![]()