Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ընդգծելով, որ այդ նպատակի իրագործումը կհանգեցնի արտաքին քաղաքականության հավասարակշռման գործընթացի ավարտին և նոր հնարավորություններ կստեղծի երկրի համար։

Փաշինյանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում՝ անդրադառնալով հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։

«Ես համոզված եմ, որ մենք կհասնենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակին, ինչը նշանակում է, որ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը կհասնի իր լրումին՝ նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի համար ունենալ նոր որակի պետություն»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունն ինքնին վկայում է արտաքին քաղաքական հարաբերություններում անհամաչափության մասին։

«Եթե մենք Թուրքիայի հետ չունենք հարաբերություններ, դա նշանակում է, որ այդ նժարը դատարկ է, դա նշանակում է, որ ինչ-որ հարաբերություններ անհամաչափություն ունեն և հավասարակշռությունից դուրս են եկել»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ հավասարակշռությունը վերականգնելու համար Հայաստանին անհրաժեշտ է հարաբերություններ ունենալ ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև բոլոր պետությունների հետ։

«Դա ոչ թե քմահաճույքի հարց է, այլ մեզ հարկավոր է ունենալ հարաբերություններ Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ և ընդհանրապես բոլոր պետությունների հետ »,-ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը հավելել է, որ պետությունը միջազգային հարաբերությունների սուբյեկտ է և գործում է միջազգային համակարգում հավասարակշռություն պահպանելու իր կարողությունների շնորհիվ։

«Պետությունը միջազգային հարաբերությունների սուբյեկտ է և գործում է և գոյություն ունի միջազգային հարաբերություններում հավասարակշռություն պահելու իր կարողությունների միջոցով և իր կարողությունների շնորհիվ, և ահա հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը մեզ հնարավորություն է տալիս ունենալ նոր որակի պետություն»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ