![]()
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից հերթական պայմանագիր կնքելու դեպքում սահմանել պատվովճարի չափեր։ Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, 2 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանվել է 1,5 մլն դրամ, իսկ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում՝ 5 մլն դրամ:
«Փոփոխվում է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության փոխադրվելու համար սահմանված ժամկետը, որի արդյունքում ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության՝ 4 ամիսը լրացած զինծառայողները նախկին 6 ամսվա փոխարեն»,- ասել է փոխնախարարը:
Արման Սարգսյանը նշել է, որ ստացվում է՝ ժամկետային զինծառայողը, որը զորակոչվում է բանակ 18 տարին լրանալուն պես, 4 ամիս հետո կարող է դառնալ պայմանագրային, արդեն օգտվել պայմանագրային զինծառայողի համար նախատեսված աշխատավարձից, ատեստավորվելու հնարավորությունից, ստանալ այդ ժամանակահատվածում աշխատավարձ, ծառայել իր բնակության վայրին մոտ նախորոշված իր համար ցանկալի զորամասում և 5 տարվա պարագայում ստանալ 5 մլն դրամ, իսկ 10 տարվա պարագայում՝ ևս 5 մլն:
Այսինքն՝ զինծառայողը կստանա աշխատավարձ, իսկ 10 տարի ծառայելուց հետո ընդհանուր վերցրած աշխատավարձից բացի՝ կստանա նաև 10 մլն դրամ պատվովճար:
![]()