ԵԱՏՄ շրջանակում ինձ համար անլուծելի հարցեր չկան, 4 կարևոր հարց կա, որոնք բոլորն ինձ հասանելի տիրույթում են

«Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ։ Ես միակ պաշտոնյան եմ, Հայաստանի վարչապետը միակ պաշտոնյան է, որ ԵԱՏՄ-ի երկու ամենակարևոր ֆորմատում հավասարաբար մասնակցում է՝ ԵԱՏՄ վարչապետական ձևաչափի միջկառավարական խորհրդի նիստին և ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին»:

Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում Շիրակի մարզի Մարալիկ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս կարգավիճակը թույլ է տալիս պնդել, որ ԵԱՏՄ շրջանակներում ինձ համար անլուծելի հարցեր չկան։ Հիմա նախընտրական քարոզարշավով եմ զբաղված… եթե ես կստանամ ձեր վստահության քվեն, կվերադառնամ աշխատանքի և բոլոր հարցերը կլուծեմ։

4 սկզբունք կա՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսական միջոցների անխոչընդոտ ելումուտ ու տարանցում։

Այս չորս հարցերից չկա որևէ մեկը, որ իր լուծման հասանելիության տիրույթում չէ։ Չկա այդպիսի հարց, որ ես չկարողանամ այս չորս սկզբունքի կիրառման հետ կապված լուծել»,-ասել է նա։

Բացի այդ, Փաշինյանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու վերաբերյալ։

«Այսօր մեր հարգելի գործընկերները ասում են՝ դուք Եվրամիություն ընդունվելու ճանապարհ սկսելու օրենք եք ընդունել, դե հիմա որոշեք՝ Եվրամիությո՞ւն եք գնում, թե՞ Եվրասիական տնտեսական միություն։ Մենք ասում ենք՝ ամենայն հարգանքով, բայց մենք հիմա դա որոշելու կարիքը չունենք։ Երբ որ կգա ժամանակը, մենք գիտենք, որ Հայաստանը միևնույն ժամանակ չի լինի Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության անդամ, բայց մենք նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը հիմա չունենք, որովհետև մենք հիմա ԵԱՏՄ անդամ ենք և Եվրամիության հետ մեր հարաբերությունները խորացնում ենք»,-նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ