Սամվել Կալուգացին ընտրակաշառքի միջոցով ոչ թե աճեցրել, այլ «մաշըցրել» է իր չունեցած ռեյտինգը

«Ուժեղաց» առաջնորդ Սամվել Կարապետյանը, ինչպես ցույց են տալիս դեպքերն ու զարգացումները, ապրում է մի իրականությունում, որը հաստատ այսօր առկա, մեզ շրջապատող իրականությունը չէ։ Այո, դա Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող իր դղյակի պատերի ներսի ու վերանդայի իրականությունն է, ՀՀ քաղաքացիների նախընտրական տրամադրությունների հետ կապ չունեցող դառը իրականությունը։ Դառը՝ Կալուգայից Հայաստան եկած ու նավից միանգամից պարահանդեսի հրապարակ՝ քաղաքականություն, խուժած Կարապետյանի համար։

Չգիտենք՝ բոլո՞ր միլիարդատերերին է հատուկ իրականությունից կտրված լինելը, իրենց՝ այդ վիճակում կոմֆորտ զգալը, բայց իրականությունը չի փոխվում՝ անկախ իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից ու այդ վերաբերմունքը ցուցաբերողի միլիարդատեր կամ ընչազուրկ լինելուց։ Իսկ իրականությունն այն է, որ Կալուգացին զբաղված է նախընտրական ինքնախաբեությամբ՝ խաբելով նաև իր ընտրողներին։ Աշխարհահռչակ բարերար, միլիարդատեր Ջոն Ռոկֆելլերը երբ չափազանց ծեր էր, ինչպես հայտնի է, նրա համար հատուկ թերթ էին տպագրում, դրական լուրերի ընտրանի, որպեսզի ծերուկը կարդա, չնյարդայնանա ու հավատա, որ աշխարհում ամեն ինչ կարգին է։ Սամվել Կարապետյանի քարոզչա-քաղաքական թիմն էլ, ահա, ռոկֆելլերյան ոճով ու տեխնոլոգիայով պատրաստված սոցհարցումներ է հրամցնում շեֆին ու հանրությանը և համոզում, որ «վսյո վ պարյադկե», «Ուժեղ Սամվելը» ոչ միայն 1-ին տեղում է, այլև դեռ մի քանի տոկոսով էլ «կրում» է Նիկոլ Փաշինյանին։ Այդ սոցհարցումների օբյեկտիվությունն, անշուշտ, կասկածահարույց է, քանի որ հնարավոր չէ, որ միևնույն երկրում ու գրեթե նույն ժամանակահատվածում սոցիոլոգիական տարբեր ընկերություններ նախընտրական սոցհարցում իրականացնեն ու ստանան անհամադրելի, էականորեն տարբեր պատկեր՝ տոկոսային ահռելի տարբերությամբ։ Ահարոնադիբեկյանական ոճի ու մակարդակի սոցիոլոգիայի էջը փակված էինք համարում, բայց պարզվում է՝ ստի, խաբկանքի, մանիպուլյացիայի «ուժեղ» սիրահարները հետևողականորեն ուզում են այդ էջը բաց պահել՝ ինչքան ուզես, էդքան խփել՝ խաբելով ինքզինքն ու ընտրողին։ Նախօրեին «Ուժեղ Հայաստան»-ի էջում հրապարակվել են հերթական սոցհարցման տվյալները, ըստ որոնց՝ եթե վարչապետի ընտրությունը լիներ Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ապա հարցվածների 41 տոկոսը, «կանեշնը», կքվեարկեր «մե հիանալի, հայրենասեր անձնավորուչուն» Կարապետյանի օգտին, իսկ 36,3 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանի։ Թե որ կազմակերպությունն է այս սոցիոլոգիական խեղկատակության հեղինակը, երբ է իրականացրել հարցումը, ինչ մեթոդով ու քանի հարցվողի շրջանում՝ հայտնի չէ, քանի որ գրագիտությամբ ու պրոֆեսիոնալիզմով փայլող ուժեղիստները հարկ չեն համարել հայտնել այդ՝ անչափ կարևոր մանրամասները։ Բայց հարկ են համարել ինչ-որ անհայտ պադվալում արված հարցումը դնել ֆեյսբուքյան գովազդի տակ։ Ուժեղիստների համար կարևորը կասկածելի որակի սոցհարցումը վիզուալիզացնելն է՝ ժողովրդին փորձելով կերակրել նման անորակությամբ, ընդ որում՝ հղում անելով նույն ժողովրդին։ Թե՝ «Ժողովուրդը ցանկանում է ունենալ վարչապետ, որով կհպարտանա, ոչ թե առաջնորդ, ով կստորացնի սեփական ժողովրդին»։ Հա, ի դեպ, արանքում մի հարց ճշտենք՝ երբ տաշիրենք հոլովում են «սեփական ժողովրդին ստորացնել» կապակցությունը, գոնե մի կես ականջ լսո՞ւմ են Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած գաղտնալսումները, իրենց համար ընտրակաշառքի միջոցով ձայն բերելու գործին լծված աջակից-ակտիվիստ-տասովշիկների զրույցները, որոնցում ժողովրդի մասին արտահայտվելիս տասովշիկախումբը նրանց դիմում է կենդանիների անուններով, օրինակ՝ ոչխար, ընդհուպ գործածում ոչ նորմատիվային «տու»-ով խլացվող բառապաշար։

Ինչևէ։ Մեղքն ու վարձքը՝ ուժեղների վիզը։ Ի տարբերություն Կալուգացու օգտին թվեր նկարած, եթե կուզեք՝ խփած անհայտ ծագման, անանուն կազմակերպության սոցհարցման՝ իր հերթական հետազոտության տվյալներն է հրապարակել անուն, ծագում, իրավաբանական հասցե և ամենակարևորը՝ հեղինակություն ունեցող «Միջազգային հանրապետական ինստիտուտը»՝ IRI-ն: Մայիսի 5-11-ը՝ նախքան քարոզարշավն անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կքվեարկեր հարցվածների 32 տոկոսը, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի օգտին՝ 6 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի օգտին՝ 3 տոկոսը, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի օգտին՝ 1 տոկոսը։ Հապա, սիրելի, հարգելի ընտրող, խնդրում ենք ձեր էն արդար ձեռքը դրեք ձեր էն արդար խղճին ու ասեք՝ ինչպես է ստացվել, որ Սամվել Կարապետյանի կոնտորայի «պատվերով» իրականացված հարցման ժամանակ նրան եք տեսել վարչապետի պաշտոնում՝ ապահովելով նրա 41-տոկոսանոց վարչապետացումը, իսկ այ ՄՀԻ-ի հարցման ժամանակ 35-տոկոսանոց տարբերությամբ։ 35- տոկոսանոց, Կարլ, 2 չէ, 10 չէ, 20 չէ, 25 չէ, այլ՝ 35-տոկոսանոց տարբերությամբ։ Ինչն է ուշագրավ, որ մարտին հրապարակված ՄՀԻ-ի հետազոտության տվյալներով՝ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով»-ի օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 11 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր»-ի օգտին՝ 29 տոկոսը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 4, ԲՀԿ-ի օգտին՝ 2 տոկոսը։ Ինչ է ստացվում, Սամվել Կարապետյանի կուսակցությունը անցած մոտ երկու ամիսների ընթացքում հանրային վստահության իր ցուցանիշը «աճեցնելու» փոխարեն այն «մաշացրել» է՝ մի ամբողջ 5 տոկոսով։ Կարլ, 5 տոկոսով։

Սոցհարցման այսպիսի պատկերը վկայում է, որ նախկին ռեժիմի օրոք գործի դրված «հին ու բարի» մեթոդի կիրառումը՝ թաղային կլանի միջոցով «ընտրատասովկաներն» ու ընտրակաշառքի խոստումները, հակառակ էֆեկտն են ունեցել։ Նախընտրական զեղծարարությունները հարցվողների կողմից ընկալվում են որպես արգահատելի երևույթներ, մերժվում են քաղաքացիների կողմից՝ հիասթափություն, մերժում հարուցելով նաև այդ մեթոդներով քաղաքական պայքարի մեջ մտած ուժի ու առաջնորդի հանդեպ, ինչպես էլ նա իրեն հորջորջի՝ ուժե՞ղ, զորե՞ղ, հուժկո՞ւ, կորովի՞, «սիլա՞չ», թե՞ «բագատիր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ