Հունիսի 23՝ նոր տոնական օր Հայաստանի Հանրապետությունում

 

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ-ում որպես հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը։ Սակայն շատերը չգիտեն, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տարբեր մարմիններ ունեն իրենց առանձին մասնագիտական տոները, ինչը ստեղծում է բազմազանություն։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, Իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական հարթակում ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից մշակված օրենքի նախագիծը նախատեսում է հունիսի 23-ը հռչակել հանրային ծառայողի միասնական օր։

Ընթացիկ իրավիճակը

Համաձայն հիմնավորման՝ ներկա իրավիճակում Հայաստանի Հանրապետությունում մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառուցների աշխատողների մասնագիտական տոներ։ Մասնավորապես՝ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ հունվարի 8-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին։

Հանրային ծառայության միասնականություն

Համաձայն հիմնավորման՝ տարբեր մարմինների համար տարբեր օրեր նշելը առաջացնում է հանրային ծառայության բազմազանություն, որը հակասում է հանրային ծառայության զարգացման ներկա օրակարգին։

ՄԱԿ-ի բանաձև

Համաձայն հիմնավորման՝ 2002 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 57/277 բանաձևով հունիսի 23-ը հռչակել է «Հանրային ծառայության օր»։ Գլխավոր ասամբլեան որոշել է հունիսի 23-ը հռչակել Միավորված ազգերի կազմակերպության հանրային ծառայության օր և խրախուսել անդամ պետություններին հատուկ միջոցառումներ կազմակերպել այդ օրը՝ ընդգծելու հանրային ծառայության ներդրումը զարգացման գործընթացում։

Նախագծի նպատակները

Համաձայն հիմնավորման՝ նախագծի ընդունմամբ նախատեսվում է գնահատել, քաջալերել, խրախուսել, շահադրդել, արժևորել և ընդգծել հանրային ծառայողների դերն ու կարևորությունը երկրի կայուն զարգացման, հանրային ծառայությունների արդյունավետ մատուցման, նոր գաղափարների և արդեն իսկ ձեռքբերված փորձի կիրառմամբ միասնական քաղաքականության մշակման գործում։

Ֆինանսական խնայողություն

Համաձայն հիմնավորման՝ հանրային ծառայության տարբեր տեսակների համար տարբեր օրեր նշելով՝ դրանց կազմակերպման համար ծախսվում են առանձին միջոցներ։ Նախագծի ընդունումը կարող է նպաստել այդ բազմազանության վերացմանը՝ կենտրոնացնելով հանրության ուշադրությունը մեկ կարևոր՝ հանրային ծառայողի օրվան, ինչպես նաև խնայել առանձին տոների կազմակերպման համար հատկացվող միջոցները։

Օրենքի լրացում

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նախագծով օրենքը լրացվում է 10.3-րդ հոդվածով՝ «Հոդված 10.3. Հանրային ծառայողի օր՝ նշվում է հունիսի 23-ին»։

Ակնկալվող արդյունքներ

Համաձայն հիմնավորման՝ հանրային ծառայողի օրվա հանրահռչակումը նախատեսված է հորիզոնական միասնականություն ապահովելու, հանրային ծառայողի իրավունքների պաշտպանվածությունը առավելապես ընգծելու և հանրային ծառայողների անփոխարինելի աշխատանքն ու ներդրումը գնահատելու համար։ Ակնկալվում է բարելավել հանրային ծառայողների ընկալումը, ճանաչելիությունը, ոգեշնչել հանրային ծառայողների շարքերը համալրող նոր սերնդին։

Ամփոփելով, պետք է նշել, որ օրենքի նախագծով առաջարկվում է հունիսի 23-ը հռչակել հանրային ծառայողի միասնական օր՝ միավորելով բոլոր մարմինների առանձին մասնագիտական տոները։ Սա համապատասխանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 57/277 բանաձևին և նպաստում է հանրային ծառայության հորիզոնական միասնականությանը, հանրային ծառայողների աշխատանքի գնահատմանը և առանձին տոների կազմակերպման ծախսերի խնայողությանը – տեղեկացնում էIravaban.net–ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ