![]()
«Ռոսպոտրեբնադզորը» վերահսկողություն է իրականացնում շրջանառության մեջ գտնվող արտադրանքի, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների նկատմամբ։
«Ստուգումների արդյունքներով հայտնաբերվել է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որն արտադրվել է «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի, «ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Շահնազարյան գինու-կոնյակային տուն» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն)։ Խոսքը վերաբերում է «ԳԵՏԱՓ ՎԵՐՆԱՇԵՆ» կարմիր կիսաքաղցր սորտային սովորական գինուն (11% սպիրտ, 0.75 լ, շշալցված՝ 03.02.2025) և «ՎԵԴԻ ԱԼԿՈ» ԽԱՐՋԻ, Т3 «ԼԵԳԵՆԴՆԵՐ ARNI» սպիտակ չոր սորտային սովորական գինուն (12% սպիրտ, 0.75 լ, շշալցված՝ 17.12.2024), որոնք արտադրվել են «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի կողմից»,-նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Ընդգծվում է՝ ոչ որակյալ արտադրանքի ցանկում է նաև «Հայկական կոնյակ 5 աստղ» հնգամյա սովորական կոնյակը (40% սպիրտ, 0.5 լ, շշալցված՝ 20.01.2025), որն արտադրվել է «ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի կողմից։
«Բացի այդ, անհամապատասխանություն է հայտնաբերվել նաև «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ XO» յոթնամյա հնեցված հայկական մակնիշային КВ կոնյակի դեպքում (40% սպիրտ, 0.5 լ, շշալցված՝ 16.05.2025), որն արտադրվել է «Շահնազարյան գինու-կոնյակային տուն» ՍՊԸ-ի կողմից։
Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կանխելու նպատակով առևտրային կազմակերպություններին և ներմուծողներին ուղարկվել է տեղեկատվություն տվյալ արտադրանքի վաճառքը կասեցնելու և ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքը շրջանառությունից հանելու վերաբերյալ»,-հայտնում են «Ռոսպոտրեբնադզոր»-ից։
Մայիսի 22-ին գերատեչությունից հայտնել էին, որ կասեցրել են «Ջերմուկ»-ի ներկրումը և վաճառքը Ռուսաստանում։
![]()