![]()
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դատախազության երկու միջնորդությունները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախզությունից:
Հիշեցնենք՝ Վանաձորում մեծ հանրահավաքի ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։
ՀՀ քննչական կոմիտեն մեկ օր անց հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ իրավապահների՝ Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող, 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
![]()