![]()
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության` ի դեմս Ժաննա Անդրեասյանի և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ որպես կարևոր և խորհրդանշական քայլ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության և զարգացման ուղղությամբ։
Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Համաձայն հուշագրի՝ բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող անշարժ գույք, ինչպես նաև բարերարի անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման նպատակով։
Նախաձեռնությունը բացառիկ նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ձևավորելու հայկական գորգարվեստին և մշակութային արժեք ներկայացնող առարկաներին նվիրված նոր մշակութային կենտրոն: Այն կծառայի ոչ միայն որպես թանգարան, այլև որպես կրթամշակութային կարևոր հարթակ, որտեղ կիրականացվեն թեմատիկ ցուցադրություններ, վարպետաց դասեր, կրթական ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանին՝ ազգային մշակութային ժառանգության պահպանության և զարգացման գործում ունեցած բացառիկ ներդրման համար. «Անգնահատելի է Ձեր հայրենանվեր այս նախաձեռնությունը: Այն կարևոր քայլ է հայկական գորգարվեստի պահպանության, հանրահռչակման և ապագա սերունդներին փոխանցելու, ինչպես նաև ստեղծագործական նոր միջավայր ձևավորելու տեսանկյունից: Նախաձեռնությունը կարող է դառնալ մշակութային նոր կարևոր կենտրոնի ձևավորման հիմք՝ խթանելով նաև զբոսաշրջային և կրթական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»։ Նախարարն ընդգծել է, որ գորգի թանգարանի ստեղծումը ամրագրված է նաև ՀՀ մշակույթի պահպանման և զարգացման ռազմավարությամբ:
Բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ ընդգծելով. «Ես շատ խանդավառ եմ այս համագործակցությամբ, որի մասին միշտ մտածել եմ: Վստահ եմ՝ միասնաբար կհաջողենք: Սա նաև կարևոր օրինակ է՝ զարգացնելու Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք հարաբերությունները համատեղ այլ նախաձեռնություններով ևս։ Գորգարվեստը հայկական մշակույթի ինքնատիպ և կարևոր բաղադրիչներից է, որն արտացոլում է ժողովրդի պատմությունը, ավանդույթներն ու գեղարվեստական մտածողությունը»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կապահովի թանգարանի մասնագիտական և կազմակերպչական կայացումը՝ ներգրավելով անհրաժեշտ մասնագիտական ներուժ, ապահովելով հավաքածուների պատշաճ պահպանումը և թանգարանի արդյունավետ գործունեությունը։
Նոր թանգարանի ստեղծումը կնպաստի գորգարվետի հարուստ ժառանգության պահպանությանը, ուսումնասիրմանը և հանրահռչակմանը՝ ապահովելով դրա փոխանցումը հաջորդ սերունդներին։
![]()