![]()
Արարատի մարզում մայիսի 21-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն ամփոփել է Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հրավիրված հանրահավաքով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Արարատի մարզում 2018 թվականից իրականացված ծրագրերին, նշել է, որ Կառավարության մասնակցությամբ շուրջ 325 միլիոն դոլարի ներդրում է կատարվել։
«Մարզում ընդհանուր առմամբ 325 կիլոմետր երկարությամբ ճանապարհներ ու փողոցներ են կառուցվել կամ նորոգվել։ Բացի այդ իրականացվում են 24 դպրոցի, 33 մանկապարտեզի հիմնանորոգման կամ կառուցման աշխատանքներ, որոնց մի մասն արդեն ավարտված է։ Իրականացվել է նաև ավելի քան 210 կիլոմետր գազատարների անցկացում, իսկ մարզի երկու սահմանամերձ բնակավայրերում ընթացքում են 16 միլիոն դրամի չափով պետական աջակցության ծրագրով 185 առանձնատների կառուցման նախագծային աշխատանքները»,- ասել է նա։
Վարչապետն առանձնապես կարևորել է Վեդիի ջրամբարը, որը նրա գնահատմամբ իր մասշտաբներով առաջինն է, որ կառուցվել է Երրորդ հանրապետությունում։
«Բացի ենթակառուցվածքային խոշորածավալ ներդրումներից, գյուղատնտեսական մի քանի ծրագրերով պետության կողմից 131 միլիարդ դրամի աջակցություն է ցուցաբերվել Արարատի ու Արմավիրի մարզի գյուղացիներին, ինչպես նաև շուրջ 120 միլիոն դոլարի չափով սուբսիդավորվել են գյուղատնտեսական վարկերի տոկոսներ։ Այս ամեննը մենք արել ենք մի պատճառով, որ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի, որ ժողովուրդն ապրի։ Ուրախ ենք արձանագրել, որ հաղթահարել ենք մաքառման և գոյատևման օրակարգը և մտել ենք ապրելու, զարգանալու օրակարգ, ապագան այսօր վայելելու, և ոչ թե այսօր վաղվա համար տառապելու օրակարգ»,- ասել է Փաշինյանը։
Խոսելով պաշտպանական ոլորտից, նա հավաստիացրել է, որ ՀՀ Զինված ուժերը ներկայում համալրված են ամենաժամանակակից սպառազինությամբ, ի տարբերություն նախկինի, երբ, ըստ Փաշինյանի, ամբողջությամբ միայն 50-60-ական թվականների արտադրության, օգտագործման վերջին փուլում գտնվող զինատեսակներ էին։
«2026 թվականն այն առաջին տարին է, երբ ՀՀ-ն մրցունակություն է ցույց տալիս զենքի միջազգային շուկայում և արդեն իսկ զենք է արտահանում»,- ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով նաև հայրենական արտադրության զինատեսակների թեմային։
«Խաղաղությունը մեր քաղաքական ուժի ռազմավարությունն է։ Բայց մենք հասկանում ենք, որ այն երկիրը, որը չունի ուժեղ, պաշտպանունակ բանակ, կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար և մենք հասկանում ենք, որ խաղաղության համար անհրաժեշտ է ունենալ պաշտպանունակ բանակ։ Մենք այսօր, արդեն, ունենք այդպիսի բանակ և մեր բանակն ամեն տարվա հետ լինելու է ավելի ու ավելի ուժեղ ու պաշտպանունակ, բայց միայն ու միայն ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքի պաշտպանության համար, որովհետև սա է խաղաղության միակ բանաձևը»,- ասել է վարչապետը։
![]()