![]()
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ներդնել «ծնողական ժամ» հասկացությունը։
Նախագիծը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը մշակվել է աշխատանքային հարաբերություններում երեխա ունեցող աշխատողների սոցիալական պաշտպանության նոր կարգավորումներ ներդնելու նպատակով։
«Նախագծով առաջարկվում է սահմանել ծնողական ժամ հասկացությունը։ Մասնավորապես նախատեսվում է սահմանել, որ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խոր կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից»,- նշել է Սմբատյանը։
Նախագծով նախատեսվում է, որ մինչև 2 երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը կտրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ աշխատավարձի պահպանմամբ։ 3 և ավելի երեխա ունեցող ծնողները կկարողանան աշխատանքից բացակայել օրական առավելագույնը 1 ժամով։ Միաժամանակ մինչև 18 տարեկան հաշմանդամության խոր կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ ծնողական ժամից՝ անկախ երեխաների թվից։
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող կարգավորումները միտված են աշխատողների սոցիալական պաշտպանության բարձրացմանը, ինչպես նաև աշխատանքի և ընտանեկան կյանքի համատեղման հնարավորությունների ընդլայնմանը։
![]()