ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են

Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարի և կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ տվյալները խմբագրվել են։

Factor TV-ի ստացած նոր տեղեկանքում արդեն նշվում է, որ Նարեկ Կարապետյանը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի քաղաքացի է։ Փոփոխությունը կատարվել է մայիսի 20-ին, օրվա վերջում, ինչի վերաբերյալ հրապարակում է կատարել նաև Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանն ու նշել, որ փաստաթուղթն ինչ-որ պահի անհասանելի է դարձել, այնուհետև այն խմբագրվել է։

Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա հայտարարել է, որ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։ Նարեկ Կարապետյանը մայիսի 20-ին Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան ևս պնդել է, որ ՀՀ քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն երբեք չի ունեցել․ «Իրավաբանները դիմել են ՌԴ դեսպանատուն, ամենայն հավանականությամբ, որպեսզի պատասխան տրվի»,- նշել է նա։ Այդպես էլ պաշտոնական պարզաբանում չի տրվել այն մասին, թե ինչու և ինչպես է Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում Նարեկ Կարապետյանի անվան դիմաց նշված եղել ՌԴ քաղաքացի։ Արդյո՞ք դա սխալմունք է եղել, անփութության հետևանք՝ հայտնի չէ։ Ռուս պաշտոնյան այս մասին պարզաբանում ներկայացնելու փոխարեն՝ խոսել է հակառուսական ապատեղեկատվական քայլերի մասին։ Փաստաթղթում Նարեկ Կարապետյանի անունը հիշատակված է որպես «Մոսպրոմեքսպլուատացիա» ՍՊԸ բաժնետեր։

Նշված փաստաթղթի վերաբերյալ մայիսի 20-ին հրապարակում էր կատարել նաև Factor TV-ին: Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այստեղ ուշագրավը միայն ռուսական ռեգիստրում առկա տվյալները չեն։ Նույն բաժնեմասի վերաբերյալ տեղեկություններ ավելի վաղ հենց ինքը՝ Կարապետյանն է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Ապրիլի 23-ին նա ԿԿՀ-ին է ներկայացրել կուսակցության խորհրդի անդամի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը։

Կարապետյանն իր պաշտոնեական պարտականությունները ստանձնել է 2026-ի փետրվարի 11-ին։ Այդ օրվա դրությամբ ԿԿՀ ներկայացված հայտարարագրում նշված է, որ նա 2020-ի օգոստոսի 18-ին ընկերության բաժնետոմսեր է ձեռք բերել Վլադիմիր Ռուբչենկովից։ Վերջինս 2004 թվականից «Մոսպրոմեքսպլուատացիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է։ Այդ մասին նշվում է նաև այն փաստաթղթում, որը Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանից ստացել է Factor TV-ն։

Թեև ԿԿՀ ներկայացված փաստաթղթում ընկերության անվանումը փակ է, սակայն Նարեկ Կարապետյանի բաժնեմասի արժեքի, ինչպես նաև Վլադիմիր Ռուբչենկովից այն գնելու վերաբերյալ տվյալները համապատասխանում են Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանից ստացված տվյալներին, որտեղ նշված է «Մոսպրոմեքսպլուատացիա» ընկերության անունը։ Սակայն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով մայիսի 13-ին ներկայացրած հայտարարագրում Նարեկ Կարապետյանը չի նշվել ո՛չ այս ընկերության, ո՛չ էլ գնված բաժնետոմսերի մասին։

 

Ուշագրավ փաստ, «Մոսպրոմեքսպլուատացիա» ընկերության 2,5 տոկոս բաժնեմասը Կարապետյանը ձեռք է բերել՝ վճարելով ընդամենը 250 ռուբլի, որն այդ օրվա դրությամբ համարժեք է եղել 1650 դրամի։ Սա այն դեպքում, երբ 2020 թվականի հունվարի դրությամբ «Մոսպրոմեքսպլուատացիա»-ի սեփական կապիտալը կազմել է շուրջ 55 միլիոն ռուբլի, որը համարժեք է եղել 427,3 միլիոն դրամի։ Փաստացի, խոսքը սիմվոլիկ արժեքով իրականացված գործարքի մասին է, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում բաժնեմասի փոխանցման բնույթի վերաբերյալ։

Հավելենք, որ 2025-ին ընկերությունը 621,9 միլիոն ռուբլու՝ ավելի քան 3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ