![]()
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման է դրվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ ներդնելով առավել թիրախային ընթացակարգ:
ՀՀ ներքին գործերի նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ ներկայումս զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ։
«Մինչդեռ միջազգային փորձի ուսումնասիրությունը և կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ վարելու իրավունքից զրկման ժամկետը լրանալուց հետո հատկապես առաջին անգամ զրկումների պարագայում կիրառվում են վարորդի վարքագծի փոփոխությանը միտված առավել թիրախային մեթոդներ՝ զուգահեռաբար ապահովելով դրա նկատմամբ պատշաճ վերահսկողություն։ Օրինակ՝ կիրառվում են վարելու իրավունքից զրկված անձանց լրացուցիչ դասընթացների, վերապատրաստումների, վարվող տրանսպորտային միջոցներում ալկոփականների տեղադրման, սահմանափակ հնարավորություններով փորձաշրջանի սահմանման և այլ ընթացակարգեր։
Ըստ այդմ՝ հաշվի առնելով կիրառելիության հնարավորությունները և մատչելիությունը՝ առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ ներդնելով զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակ հնարավորությամբ՝ 6 տուգանային միավոր տրամադրելով, 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ։
Նման մոտեցումը պետությանը թույլ կտա վերաիմաստավորել անձի վարքագծի փոփոխության տրամաբանությունը առավել նվազ միջամտությամբ՝ չխաթարելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ապահովել վարորդի ռեաբիլիտացիան՝ վարորդին տալով հնարավորություն՝ սահմանափակ պայմաններով փորձաշրջանի ընթացքում ապացուցելու իր վարքագծային փոփոխությունը։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ ներդնելով առավել թիրախային հետևյալ ընթացակարգը՝
1) վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարելու իրավունքը զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ և սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո՝
- փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,
- փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով,
- վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով:
Միաժամանակ սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով։
Հաշվի առնելով նախատեսվող իրավակարգավորումների բնույթը՝ նշված դրույթները կտարածվեն ՀՀ ոստիկանության կիրառած զրկումների նկատմամբ և չեն վերաբերի ՀՀ դատարանների ու օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կիրառած զրկումներին, անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի և անձի՝ հոգեկան, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված hիվանդության վերաբերյալ կամ առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին տեղեկության հիման վրա վարելու իրավունքի դադարման դեպքերին։
![]()