Մարդկանց թույլ տեղը գտել են, վաղն էլ կարող է ասեն՝ այլմոլորակայիններ են գալու. Հովսեփ Խուրշուդյանը՝ 300 հազար ադրբեջանցիների ՀՀ գալու թեզի մասին

«300 հազար թիվը ժամանակին Ալիևի հայտարարած թիվն է, որն իրենք ուրախ-ուրախ կրկնում են: Ժամանակին Ալիևը դա կիրառում էր Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի հրաժարվի արցախահայության վերադարձի գաղափարից, բայց հիմա նրանք դա օգտագործում են Հայաստանը ռուսական գուբերնիա սարքելու իրենց բաղձալի ծրագիրը կյանքի կոչելու համար, ՀՀ ժողովրդին սարսափեցնելու համար, որ տեսեք, եթե մենք չընտրվենք, ուրեմն ադրբեջանցիները կգան-կլցվեն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը՝ թե 300 հազար ադրբեջանցիներ են գալու ՀՀ՝ ասաց քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը:

Խուրշուդյանի խոսքով՝ այսօր նույնիսկ Ադրբեջանն այդ հարցը չի բարձրացնում. «Ալիևը դրա մասին չի խոսում և ՀՀ իշխանություններն էլ մեկ անգամ չէ, որ հերքել են, որ նման բան կա, օրակարգում ընդհանրապես նման հարց չկա: Մարդկանց թույլ տեղը գտել են, ինչից կարող են որոշ մարդիկ հուզվել, մտքափոխ լինեն, թե ում են ընտրելու և փորձում են դա շահարկել: Իշխանությունների, քաղհասարակության ու մամուլի գործն էլ այն է, որ տեղեկատվությամբ ապատեղեկատվության դիմացն առնեն: Վաղն էլ կարող է 1 միլիոն ասեն, ասեն, եթե այդ ուժին ընտրեք՝ այլմոլորակայիններ են բերելու, եթե ինչ-որ մարդ կգտնվի, որ կհավատա՝ ինչ ասեմ»,-ասաց Խուրշուդյանը՝ հավելելով, որ պետք է նորմալ աշխատել հասարակության հետ և նման կեղծ նարատիվները մերկացնել ու չեզոքացնել:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ու թշնամանքի հնարավոր նվազմանը՝ Խուրշուդյանը նշեց. «Եթե այդ ուղղությամբ հետևողական աշխատանք տարվի, թշնամանքը կարող է նվազել, որ ժողովուրդները խաղաղության մեջ ապրել, ոչ թե մշտական թշնամանքի և ատելության: Դրա համար ժամանակ է պահանջվում, շուտ չի լինի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ