![]()
Մայիսի 20-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների մամուլի ասուլիսը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանի հետ շարունակական և կառուցողական համագործակցության, ինչպես նաև Գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ զեկույցում տրված գնահատականների համար։
Նախարարը կարևորել է հատկապես այն հանգամանքը, որ զեկույցում վերահաստատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքական հանձնառությունը՝ ապահովել Գործողությունների ծրագրի իրականացումը։
ՆԳ նախարարը, մասնավորապես, նշել է՝
վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շարժունակության տեսանկյունից դյուրացման գործընթաց չէ․ այն վստահության, գործընկերության և եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին է,
վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար արժանապատիվ ճամփորդության, Հայաստանի իշխանությունների համար՝ երկրում երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ ապահովելու հնարավորություն է,
առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել կենսաչափական համակարգի, սահմանների կառավարման, միգրացիայի և ապաստանի հարցերում,
Հայաստանի Հանրապետությունը կանխատեսելի, պատասխանատու և վստահելի գործընկեր է Եվրոպական Միության համար․ սա պարզապես հերթական գործընթաց չէ, այլ կարևոր գործընթաց՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության տեսանկյունից ինստիտուցիոնալ տարբեր փոփոխություններ,
գործընկերների կողմից ներկայացված 53 առաջարկություններն արձանագրվել են զեկույցում, և Հայաստանը պատրաստակամ է նույն հետևողականությամբ շարունակելու դրանց իրացումը,
ՖՐՈՆՏԵՔՍ-ի հետ նախաստորագրված փաստաթղթերը կարևոր հիմք են սահմանների և միգրացիայի կառավարման ոլորտում եվրոպական կողմի հետ համագործակցությունն առավել սերտացնելու համար,
Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակմամբ ամրապնդվել է երկկողմ համագործակցությունը․ սա հնարավորություն կտա շարունակելու զարգացնել գործընկերային հարաբերությունները և կապի սպային դիտարկելու որպես օպերացիոնալ կարևոր կամուրջ Հայաստանի, Եվրոպոլի և ԵՄ անդամ պետությունների միջև,
Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է աշխարհում, որի հետ Եվրոպական Միությունը ակտիվ երկխոսություն է վարում․ հետևողականորեն և պատշաճ ժամկետներում կիրականացվեն Գործողությունների ծրագրում նախատեսված բոլոր միջոցառումները,
ԵՄ հետ մոտարկման ճանապարհին վիզաների ազատականացման գործընթացը ամենաշոշափելի բաղադրիչն է, որն անմիջականորեն ազդելու է ՀՀ քաղաքացու կյանքի որակի վրա․ այն հնարավորություն է տալու Եվրոպան ճանաչել ավելի մոտիկից, քան երբևէ։
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները նշել է․
Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի մոտ են, քան երբևէ․ դրա վառ ապացույցը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելն էր,
Հայաստանի իշխանություններին է հանձնվել վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ հանձնաժողովի առաջին զեկույցը. Եվրոպական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել այն առաջընթացը, որը Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է այս ուղղությամբ,
Եվրոպական հանձնաժողովն ու Հայաստանի իշխանությունները վիզաների ազատականացման գործընթացն իրապես լուրջ են վերաբերում և պատրաստակամ են ապահովել բարձր մակարդակի արդյունքներ,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ շուտով կօգտվեն կենսաչափական անձնագրեր ունենալու հնարավորությունից․ կստեղծվի բնակչության միասնական ռեգիստր,
ներկայումս ավելի շատ թվով վիզաներ են տրամադրվում Հայաստանի քաղաքացիներին և ավելի շատ բազմակի մուտքի վիզաներ,
մեծ ջանքեր են ներդրվում, որպեսզի նվազեցվի վիզաների դիմումների մերժումների քանակը,
վիզաների ազատականացումը Եվրոպական Միության և Հայաստանի միջև ամբողջական գործընթացի միայն մեկ էլեմենտն է․ վիզաների ազատականացման գործընթացը չպետք է դիտարկել որպես առանձին գործընթաց․ նախաձեռնություններ կան նաև կրթության, մշակույթի, ներդրումների և առևտրի ոլորտներում։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները պատասխանել են նաև լրատվամիջոցների հարցերին։
![]()