Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներում

ՆԳ նախարար, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը մայիսի 20-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներին։

Ինչպես հայտնել է ՆԳ նախարարությունը, քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում կատարված աշխատանքները։ Կարևորվել է, որ Հայաստանը գնահատվել է որպես առաջանցիկ փուլում գտնվող երկիր փաստաթղթերի անվտանգության, սահմանների կառավարման, միգրացիայի և ապաստանի ոլորտներում։

Մատնանշվել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիտարկումը, ըստ որի՝ ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպական Միության համար․ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել ակնկալվող արդյունքի։

Քննարկվել են նաև առանձին ուղղություններով կատարվելիք աշխատանքները, որոնց շրջանակում կողմերը կարևորել են սահմանված հենանիշերի լիարժեք իրականացումն ու գործընթացի հետևողական առաջխաղացումը։

Կողմերը վերահաստատել են համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ