![]()
Մայիսի 19-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Մասնակցում էին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Քննարկվել են սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հնարավորությունների, տեխնիկական և գործառնական բաղադրիչների վերաբերյալ հարցեր։
Ընդգծվել է, որ e-gate համակարգը թույլ կտա ավտոմատացնել սահմանային հսկողության գործընթացը, կրճատել քաղաքացիների սպասարկման ժամանակահատվածն ու կատարելագործել նույնականացման մեխանիզմները։
Նշվել է, որ համակարգը հնարավորություն կտա ավտոմատ իրականացնել կենսաչափական նույնականացում։
Անդրադարձ է կատարվել համակարգի տեխնիկական սպասարկմանն ու ծրագրային ապահովմանը։ Ընդգծվել է, որ համակարգի արդյունավետ գործունեության համար կարևոր են տվյալների մշակման, ռիսկերի գնահատման և կառավարման մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա արագացնել սահմանային հսկողության ընթացակարգերը։
Կարևորվել են միջգերատեսչական համագործակցության ամրապնդումն ու սահմանային կառավարման ոլորտում միջազգային փորձի կիրառումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները:
![]()