![]()
Հայաստանի քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունն առերևույթ թաքցնելու դեպքի առթիվ։
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):
Կատարվում է նախաքննություն:
Մայիսի 19-ին համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է կամ ունեցել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Հրապարակվել էր նաև այդ մասին վկայող փաստաթուղթ։ Նարեկ Կարապետյանը, սակայն, հերքել էր այդ տեղեկությունը՝ պնդելով, որ ինքն ունի միայն Հայաստանի քաղաքացիություն։
![]()