![]()
Ինչպես արդեն հայտնել ենք՝ հղում անելով Factor.am-ի թարգմանությանը, ռուսական The Insider պարբերականի հրապարակած փաստաթղթի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում նրա աշխատանքի վայրը նշված է «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»:
Դատարան այցելած Կարապետյանից Factor.am-ի լրագրողը հետաքրքրվել է, թե ծանոթ է հրապարակմանը, Կարապետյանը ծիծաղել է և կրկին մեղադրել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե նրա «ձեռքի գործն է»:
Լրագրողի հարցադրմանը՝ «Դուք կապ չե՞ք ունեցել ФСБ-ի հետ», Կարապետյանը կրկին ծիծաղել է:
Լրագրողն ասել է, որ լուրջ հարց է տալիս և առաջարկին, որ կարող է ցույց տալ հրապարակումը, Կարապետյանը մերժել է՝ ասելով. «Չէ, չէ, շան տեղ մի դրեք հրապարակումը»:
Նա նաև ասել է, որ 99 թվականին չի ստացել անձնագիր, 93-94 թվականներին է ստացել, դրա համար մեկնաբանելու բան չունի:
Լրագրողի հարցին՝ ինչ քայլեր է անելու, եթե զրպարտություն է, օլիգարխը կրկնել է, թե «շան տեղ մի դրեք»: Լրագրողը հակադարձել է՝ ասելով, որ չի կարող «շան տեղ չդնել», քանի որ ինքը (Կարապետյանը) քաղաքական հայտ ներկայացրած անձ է:
Իրեն հատուկ ոճով ու ցինիզմով Կարապետյանն ասել է, թե «Նիկոլ Փաշինյանն է ФСБ-ի եֆրեյտոր»: Լրագրողի հարցադրմանը՝ ապացույցներ ունի՞, Կարապետյանը հակադարձել է՝ ասելով. «Դուք ունե՞ք»: Լրագրողը հղում է արել հրապարակմանը:
![]()