Ռուսաստանի գլխավոր սխալը՝ Հայաստանի հարցում

Վերջին օրերին գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը ոչ միայն չի թաքցնում իր վերաբերմունքը Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների նկատմամբ, այլ արդեն գրեթե բաց տեքստով փորձում է ազդել դրանց վրա։ Ռուս քաղաքական գործիչների, պատգամավորների ու քարոզչական շրջանակների հայտարարությունները վաղուց անցել են պարզապես «կարծիք հայտնելու» սահմանը և արդեն ուղղակի միջամտություն են Հայաստանի ներքին օրակարգին։

Եթե տարիներ առաջ նման հայտարարությունները ներկայացվում էին «դաշնակցային մտահոգության» կամ «եղբայրական խորհրդի» տեսքով, ապա այսօր դրանք հաճախ հնչում են արդեն ճնշման կամ քաղաքական պատվերի տոնով։ Ռուսական քաղաքական վերնախավի մի հատված կարծես մինչ օրս չի կարողանում ընդունել, որ Հայաստանը անկախ պետություն է, որն ունի սեփական հասարակություն, սեփական ընտրող և սեփական քաղաքական ընտրություն կատարելու իրավունք։

Առավել վտանգավորն այն է, որ նման վերաբերմունքը Ռուսաստանում շատերի համար դարձել է նորմալ։ Այնպիսի տպավորություն է, կարծես Մոսկվայում դեռ համոզված են, որ հետխորհրդային երկրները պարտավոր են իրենց ներքին քաղաքական որոշումները համաձայնեցնել Կրեմլի հետ։ Իսկ եթե որևէ իշխանություն կամ հասարակական տրամադրություն չի համապատասխանում ռուսական շահերին, անմիջապես սկսվում են կասկածի տակ դրվող ընտրություններ, «արտաքին ազդեցությունների» մասին մեղադրանքներ, կամ բացահայտ քաղաքական ճնշման փորձեր։

Սակայն նման քաղաքականությունը հակառակ արդյունքն է տալիս։ Հայաստանի ներսում հակառուսական տրամադրությունների աճը շատ դեպքերում ձևավորվում է ոչ թե արևմտյան քարոզչության, այլ հենց ռուս պաշտոնյաների ու պատգամավորների հայտարարությունների պատճառով։ Երբ հայաստանցին տեսնում է, որ օտար երկրի քաղաքական գործիչը իրեն իրավունք է վերապահում որոշելու՝ ում ընտրությունը պետք է ընդունել կամ չընդունել, դա բնականաբար ընկալվում է որպես արժանապատվության և ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Ռուսաստանը, կարծես, դեռ չի հասկացել մի պարզ բան՝ ժամանակները փոխվել են։ Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որտեղ արտաքին կենտրոնները կարող են բացահայտ թելադրել ներքին քաղաքական օրակարգը՝ առանց հասարակական դիմադրության։ Եվ որքան ավելի կոպիտ ու բաց լինեն նման միջամտության փորձերը, այնքան ավելի արագ է խորանալու հենց Ռուսաստանի ազդեցության ճգնաժամը Հայաստանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ