![]()
Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում մեղադրյալների թիվն ավելացել է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանվել տնային կալանքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 10 անձի նկատմամբ արդեն իսկ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում. նրանցից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այսպիսով, մեղադրյալների թիվը 11-ն է:
Ինչպես հայտնել ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:
Բացի այդ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, միացրել էին բարձր երաժշտություն, բռնություն գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։
Քրեական վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել էր:
Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել ՔՊ քարոզարշավից, որում երևում է, որ որոշ խմբեր խոչընդոտում են քարոզարշավի ընթացքը, փակում ճանապարհները։
![]()