Չենք պատրաստվում որևէ ապահարզանի. Միրզոյանը՝ ՌԴ նախագահի հայտարարության մասին

«Մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ հետ մեր հարաբերություններում»:

Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններին։

«Մեր քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ չի ճանաչում պատմության ընթացքում։ Մենք չենք պատրաստվում նաև այդպիսի հակամարտություն, ավելի տեղին կլինի ասել՝ լարվածություն մտցնել ՌԴ-ՀՀ հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և տրամադրված ենք առողջ միջավայրում քննարկման՝ այդ հարաբերությունները փոխշահավետ զարգացնելու համար։ Խնդիրներ կան, անշուշտ, և խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում, աշխարհում, և միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին պետք է կոնստրուկտիվ քննարկումներով լուծումներ գտնել»,- ասել է նա։

Միրզոյանի խոսքով՝ բոլոր կողմերը պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցով ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին։

Ինչ վերաբերում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության որոշմանը, Միրզոյանը նշել է՝ երբ գա պահը՝ նման որոշում կայացնելու, այդ որոշումը կկայացվի:

«Եվ դրսից չէ, որ մեզ պետք է այս մասին ասեն»,- եզրափակել է նախարարը:

Հիշեցնենք՝ վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կարծում է՝ ճիշտ կլիներ Երևանի վերաբերմունքը իր քաղաքացիների և Ռուսաստանի նկատմամբ որպես տնտեսական գործընկեր, հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵՄ-ին անդամակցելու հարցում և դա անել ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ