Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

Նախարար Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք առանցքային հարցեր։

Ինչպես հայտնել են նախարարությունից, նիստի շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքին, համաժողովի անցկացման հիմնական և հարակից վայրերի պատրաստվածությանը, ինչպես նաև կազմակերպչական գործընթացների համակարգմանն ու առաջիկա փուլերի արդյունավետ իրականացմանը։

Քանի որ աշխատանքային այցով Հայաստանում են գտնվում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչները և անվտանգության հարցերով ՄԱԿ-ի պատասխանատուները, քննարկվել են նաև արարողակարգային անվտանգության կազմակերպմանն առնչվող հարցերը։ Ներկայացվել են այս ուղղությամբ արդեն իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող քայլերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան բարձր մակարդակի կազմակերպվածություն ապահովելու նպատակով։

Առանձին անդրադարձ է կատարվել միջազգային պատվիրակությունների և հյուրերի ընդունելության կազմակերպմանը, տեղաշարժի, տրանսպորտային և լոգիստիկ լուծումների համակարգմանը։ Քննարկվել են նաև բարձրաստիճան պատվիրակներին հրավերների ուղարկման ընթացքը, պատվիրակությունների հյուրընկալման կազմակերպական հարցերը և Առաջնորդների գագաթնաժողովի բովանդակային ու արարողակարգային բաղադրիչները։

Նիստի ընթացքում ընդգծվել է տարբեր գերատեսչությունների, պատասխանատու մարմինների և գործընկեր կառույցների միջև սերտ ու համակարգված համագործակցության կարևորությունը՝ COP17 համաժողովի պատշաճ, արդյունավետ և բարձր մակարդակով կազմակերպումն ապահովելու համար։

Նշվել է, որ Հայաստանը շարունակում է հետևողական աշխատանքները՝ COP17-ը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կազմակերպելու և այն բարձր պատասխանատվությամբ անցկացնելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ