![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արաբկիրում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ կարճ զրույց է ունեցել, խոսել համացանցում դիմակավորված անձանց կողմից իրեն ուղղված սպառնալիքների և իր տված պատասխանի մասին:
«Ընդդիմության ներկայացուցիչները ձեզ հայտնի գործերով հանցանքների ակնհայտ մասնակիցներ են: Որպես ժողովրդի մանդատ ունեցող անձ, ես այդ անձանց սպառնում եմ՝ իրենք նստելու են: Մասկեքով ելույթ ունեցողներին, այո, ես ֆիզիկական սպառնալիք եմ տալիս, դրանց պոլերով ենք տալու: Մեր իրավապահ մարմինները դրանց ասֆալտ ուտացնելով տանելու են, լցնեն քրեակատարողական հիմնարկները»,- ասել է վարչապետը:
Նա հավելել է, թե 23 գլխանի հրեշի 20 գլուխները կտրել են ու հիմա մնում է միայն 3 գլուխը կտրել:
Հիշեցնենք՝ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում դիմակավորված ու զինված անձինք Ղարաբաղի բարբառով սպառնում են ՀՀ վարչապետի հետ հաշվեհարդար տեսնել, ոչնչացնել ու վերացնել նրան՝ իբր պաշտպանելու համար Ղարաբաղի գոյությունը:
Տեսանյութում չկան անուններ, չեն երևում դեմքեր, որովհետև բոլորը դիմակավորված են:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով տարածվող տեսանյութին, շեշտել է, որ վստահ է՝ երբ Շահրամանյանը հրապարակել է Ղարաբաղը լուծարելու փաստաթուղթը, դիմակավորված անձինք փախել են:
Սպառնալիքներին ավելի վաղ ևս անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով համարժեք պատասխան:
«Ա՛յ փսլինքներ, մասկեքներդ հանեք, համբալնե՛ր, մասկեքներդ հատ-հատ հանելու եմ ու մտցնեմ համապատասխան տեղը: Գիտե՞ք՝ ինչի են մասկեքով, որովհետև որ հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն տակները լցրած, փախած, մեր զինվորներին մենակ թողած փսլինքներն են: Եկել են Հայաստանում մասկա-ավտոմատ են խաղում, չոքցնելու եմ ձեզ»,- ասել է վարչապետը՝ խորհուրդ տալով դիմակները հանել ու կամավոր ներկայանալ:
![]()