![]()
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում դիմակավորված ու զինված անձինք Ղարաբաղի բարբառով սպառնում են ՀՀ վարչապետի հետ հաշվեհարդար տեսնել, ոչնչացնել ու վերացնել նրան՝ իբր պաշտպանելու համար Ղարաբաղի գոյությունը:
Տեսանյութում չկան անուններ, չեն երևում դեմքեր, որովհետև բոլորը դիմակավորված են:
ՀՀ քննչական կոմիտեից հիշյալի կապակցությամբ հայտնել են, որ ՔԿ-ում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։
«Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ»,-փոխանցել են ՔԿ-ից:
![]()