![]()
Մոտ 66 միլիարդ 934 միլիոն դրամի գույք է վերադարձվել պետությանը 2025 թվականին։ Դատախազությունը պետական ու համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում 540 ուսումնասիրություն է արել, հայտնաբերել 485 իրավախախտում:
Կառավարությունը տեսանյութ է հրապարակել, անդրադառնալով 2025 թվականի ընթացքում Դատախազության կողմից պետությանը վերադարձված գույքերին:
Ինչպե՞ս է Իջևանի զբոսայգին ժամանակին բաժան-բաժան արվել ու կառուցապատման իրավունքով տրվել 17 տարբեր անձանց ու ինչպե՞ս է Դատախազությունն այն վերադարձրել համայնքին:
Ինչպե՞ս են Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի 7.5 հա ընդհանուր մակերեսով, 3 միլիարդ 381 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 6 հողատարածքները ժամանակին կեղծ փաստաթղթերով օտարվել տարբեր անձանց և ինչպե՞ս է Դատախազությունն այն վերադարձրել պետությանը:
Ինչպե՞ս է Դատախազությունը Հայաստանի Հանրապետության տիրապետմանը վերադարձրել պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ արժեքով շուրջ 4886 հա մակերեսով հողատարածքներ, որոնք ժամանակին, անհատույց օգտագործման իրավունքով, հատկացվել էին «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը: Ի դեպ, հողատարածքների մի մասը գտնվել է Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում:
Ինչպե՞ս են Արարատի մարզի Սուրենավան, Նարեկ և Քաղցրաշեն բնակավայրերի նախկին ղեկավարները մանկապարտեզի շենքը, մշակույթի տունն ու հարակից հողամասն, ինչպես նաև պուրակը օրենքի խախտմամբ օտարել մեկն՝ իր խնամուն, երկրորդն՝ իր կնոջը, երրորդը՝ իր որդուն և ինչպե՞ս է Դատախազությունն այն վերադարձրել խոշորացված համայնքին:
Ինչպե՞ս են Դատախազության միջնորդագրերի արդյունքում Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում, ապամոնտաժվում ապօրինի կառուցված շենք-շինությունները:
Հարցերի պատասխանները՝ տեսանյութում։
![]()